Մինչև վերջ պայքարելու ենք. Սաակաշվիլին` «Ռուսթավի 2»-ի մասին

«Չեմ պատրաստվում համակերպվել: Պատրաստվում եմ ձեզ հետ միասին պայքարել մինչև վերջ»,- անդրադառնալով «Ռուսթավի 2» հեռուստաընկերոթյան վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշմանը, հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վերջինիս խոսքով, Բիձինա Իվանիշվիլին սպանում է Վրաստանին և ժողովուրդը չպետք է համակերպվեն:

«Իվանիշվիլին ամբողջ Վրաստանը տանում է: Նա արդեն վերցրել է և գրպանում դրել գրեթե ամբողջ վրացական բիզնեսը, ամբողջ բյուջեն, Վրաստանի հողերը, Վրաստանի անտառները, ամբողջությամբ գրպանում է դրել դատական համակարգը և դատախազությունը, իրավապահ համակարգը, կառավարման բոլոր լծակները: Իվանիշվիլին սպանում է Վրաստանին և ոչնչացնում վրաց ազգի գաղափարը: Միայն «Ռուսթավի 2»-ը չէր կարող իրեն ենթարկել և հիմա կարողանում է: Ընկերներ, ուզում եմ հարցնել, ի՞նչ որոշում ունեք: Հանգիստ կկանգնենք և կհամակերպվենք, թե ձայն կհանենք և միասին կկանգնենք, հեռացնենք այս զզվելիին և փրկենք Վրաստանը: Խոսքը կուսակցությունների մասին չէ այլևս: Ուզում ենք հայրենիք ունենալ»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել: