Վախենում եմ, թե հաջորդն ինչն եմ կարոտելու… Հիմա Արցախն եմ կարոտում. Հայ աղջկա օրագիր՝ Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ

Մտորումներ՝ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Նյութում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Ալիք Մեդիայի» տեսակետներին: 

 

Մտքերս հիմա նման են մեր պատմական հայրենիքին. չգիտեմ որտեղից են սկսվում, ուր են ձգվում՝ որտեղ ավարտվում…

Իսկ ո՞վ եմ ես…

Ես հայուհի եմ, ում նախնիները Արևմտյան Հայաստանից են, ավելի կոնկրետ էրզրումի (Կարին) շրջանի Հացիկ գյուղից, որը լքել են 1890-1915 թվականներին: Ինչու՞, որովհետև իմ նախնիներին՝ տատերին ու պապերին, մեծերին ու մանուկներին սպանում էին, քշում, տեղահանում միայն նրա համար, որ Հայ են, որ ապրում են ու արարում, որ սիրում են՝ ամեն ինչից առավել իրենց հողն ու Հայրենիքը սիրում են, որ ծառ են տնկում, տուն, դպրոց ու վանք կառուցում, զավակներ ծնում… Դա իմ նախնիներին՝ պապերին ու տատերին չներվեց, իսկ իմ պատմական հայրենիքում՝ նախնիներիս հայրենի Հացիկ գյուղում, որտեղ ժամանակին թոնրից թխած տաք լավաշի ու թանձր ծխի հոտ էր գալիս, հիմա արյան ու անեծքի հոտ է գալիս…

Ես հայուհի եմ, որ ծնվել ու մեծացել է Ջավախքում, սահմանամերձ գյուղում: Հիմա կասեք ինչի՞ն սահմանամերձ. պատմական Հայաստանին, որն Արևմտյան ենք ասում: Այո, մեր գյուղից երկու կիլոմետր այն կողմ թուրքական դրոշն է, ու պատմական Հայաստանը. չգիտեմ էլ ինչպես են այս երկուսը համատեղելի, չգիտեմ էլ ինչպես է, որ մեզ այդ Հայրենիքում ու հայրենիքը մեզանում սպանեցին, բայց այն մեզանում ավելի կենդանի է, քան…

Տատս մինչև հիմա քթի տակ արևմուտքից բերած մեղեդիներ է մրմռում, պարեր պարում, մեզ իր պապերի մասին պատմում, իր կարոտից, հայրենիքի համից, հոտից, գույնից է խոսում, սարերից ու հովվից անգամ, որ զրնգուն ձայնով «Սարերի հովին մեռնեմ» է երգում…

Իսկ Ջավախքում, որտեղ ժամանակին հայաշատ էր՝ հայերեն էր, որտեղ յոթ օր ու յոթ գիշեր հարսանիք էին անում, ընտանիք կազմում ու զավակներ ծնում, շա‘տ զավակներ, որտեղ օդում էլի թոնրից թխած լավաշի հոտ էր տարածվում, որտեղ մարդիկ մի պատառ հացն էլ հավասար մասի էին բաժանում՝ հարևանի հետ կիսում, բաժակ վերցնում, կենացներ խմում: Որտեղ բոլոր երգերը, պարերը, անուններն անգամ՝ Մուշը, Վանը, ու ամենագեղեցիկ աչքերով Անին մեզ արևմուտքի մասին էին հիշեցնում, մեզ մեր բաժին հասած արևմուտքը, կարոտն ու ցավն էին հիշեցնում…

Հիմա Ջավախքում հարսանիքները յոթ օր ու յոթ գիշեր չեն տևում, յոթ որդով էլ սեղան չեն նստում, լավաշը մենակ են ուտում՝ առանց հարևանի, որտեղ կենացներ էլ չեն խմում, քանի որ կենացներից «Ապրեք երեխեք ջան, բայց մեզ պես չապրեքը» օրհնանքի փոխարեն անեծք է դարձել…

Ո՞ւմ էր սա պետք, ինչո՞ւ, ո՞րն էր մեր մեղքը, ի՞նչն էինք սխալ արել, չգիտեմ՝ չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ մեզ մեր բաժին անկախությունը չներվեց, կամքն ու համառությունը չներվեց, մեզ մեր բաժին խիղճն ու միամտությունը չներվեց, մեր վանքերն ու տառերը, քարերն ու երգը չներվեց, երգ, որ լաց դարձավ: Մեզ մեր բաժին եռագույնը չնեվեց, որից միայն կարմիրը մեզ բաժին հասավ, մեզ մեր բաժին պարերը չներվեց՝ ուս-ուսի, միասնական ու խրոխտ պարերը…

Բայց մենք դեռ ապրելու ենք, ապրելու ենք, որ նորից Քոչարի ու Յարխուշտա պարենք, Կոմիտաս ու շարական երգենք, Պատարագ ու պսակադրություն անենք, զավակներ ծնենք, հայերեն խոսենք, հայերեն պատմենք…

Իսկ ի՜նչ, ի՞նչ ենք պատմելու, ի՞նչ եմ պատմելու երեխաներիս… որ հայ եմ, նախնիներս՝ Արևմտյան Հայաստանից, ես՝ Ջավախքից, որ ապրում եմ Երևանում, որովհետև Արցախում՝ Շուշիում ապրելու երազանքս այդպես էլ երազանք մնաց և որ փոքրիկ Հայաստանը, որը չափսերով փոքր է այնքան տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ…

Պատմելու եմ, որ մեզանից մեր բաժին արյունն ու քրտինքը գողացան, մեր նախնիների գերեզմանն ու տունը գողացան, մեզանից մեր հայրենիքն ու հայկականը գողացան, վանքերն ու քարերը գողացան, ձևափոխեցին, վերանվանեցին, վերախմբագրեցին՝ իրենց վերագրեցին, մեզանից մեր երգն ու պարը գողացան, մեզանից սիրուն աղջիկների, ու զինվոր տղաների տեսքով մեր սերուցքն ու ազգը գողացան: Մեզանից մեր հոգին ու խիղճը գողացան, որ ուր էլ գնանք, որտեղ էլ գլուխներս բարձին դնենք՝ հանգիստ չգտնենք, քուն, դադար չունենանք, կարոտից տանջվենք… մեզանից մեր բաժին կարոտն էլ գողացան: Ես արդեն վախենում եմ այդ զգացողությունից, որովհետև չգիտեմ թե հաջորդն ինչն եմ կարոտելու…

Հիմա Արցախն եմ կարոտում, Շուշին, Հադրութը, լեռները, հովերը, այնտեղ կանգնած զինվորին, որ այդպես էլ տուն չեկավ…

Հիմա ես Աստծուն եմ կարոտում՝ մեր բաժին Աստծուն, որ երկնքում է, որ պետք է մեզ պաշտպանի երևելի ու աներևույթ թշնամուց, որ պետք է մեր հանապազօրյա հացը տա. Արցախում սով է, պատերազմ, իսկ երևելի ու աներևույթ թշնամին էլի իմ ազգին է  սպանում՝ խոշտանգում, աղջիկներ բռնաբարում, երեխաներ ու տարեցներ մորթում, հղիներ ահաբեկում, իսկ մենք, մենք մեր սրտի զարկը էլ չենք զգում, մենք պարզապես ապրում ենք զուգահեռ իրականությունում, որտեղ խաղաղասիրական կոչեր են անում, ելույթներ հնչում, աթոռի կռիվ տալիս, բողազ են պատռում, այնպես ու այնքան բարձր, որ Արցախից եկող լացն ու ճիչը էլ չենք լսում, իսկ աչքերս վաղուց ենք փակել, որովհետև այդ տեսարանը տեսնելու չէ՝ դիմանալու չէ…

Չգիտեմ էլ այսքանից հետո Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորում, որ աղոթք է դարձել ինչպես ենք ապրելու, ինչպես ենք երգելու, ինչպես պարելու, ինչպես ենք երազելու, սիրահարվելու ու սիրելու, զավակներ ծնելու, ինչպես ենք ճամպրուկներս դատարկելու այն հույսով, որ նորից ճամփա չենք ընկնելու, ինչպես ենք այդ նույն ճամպրուկից Աստվածաշունչն ու Ավետարանները հանելու, առանց վախի, որ հանկարծ առանց այդ երկուսի ճամփա չենք ելնի՝ մեր բաժին աղոթքն ու հավատքն էլ չենք կորցնի…

Չգիտեմ, ինչպես եմ տղայիս ասելու, որ իր անունը Մոնթե է, որովհետև Մոնթեն Արցախը ազատագրած վերջին հերոսն էր, որ դրա անկումը չտեսավ, իսկ աղջիկս՝ Շուշին քաղաք, որտեղ ապրելն այդպես էլ երազանք մնաց ու հիմա իրենց անունները տալով ամեն անգամ իմ ցավն ու կարոտն եմ հիշում, որ Կոմիտաս եմ երգում, որ չխելագարվեմ, (թեպետ ինքը՝ Կոմիտասը չդիմացավ), որ Արևմտյան Հայաստանից, Ջավախքով եկել հասել եմ Երևան ու Շուշի գնալ ես չեմ կարող…

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան