Վրաստանի կառավարության որոշմամբ՝ որոշ պետական մարմինների թույլատրվել է մինչև 3 լիտր տարողությամբ պլաստիկե շշեր գնել։
Մասնավորապես, կառավարության որոշման մեջ նշված է, որ մինչև 3 լիտր տարողությամբ պլաստիկե շշերի գնման արգելքը չպետք է տարածվի այն պետական գնումների վրա, որոնք իրականացվում են Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կարիքների՝ ուսումնական վարժանքների, հասարակական անվտանգության և իրավակարգի պահպանման, կանխարգելիչ ու արձագանքման միջոցառումների իրականացման նպատակով։
Արգելքը չի տարածվի նաև Պետական անվտանգության ծառայության համակարգի աշխատակիցների կարիքների՝ ուսումնական վարժանքների, պետական անվտանգության ապահովման, կանխարգելիչ ու արձագանքման միջոցառումների իրականացման, նաև պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների՝ ռազմական ուսումնավարժությունների/զորավարժությունների և ռազմական գործողությունների նպատակով իրականացվող գնումների վրա։
Հատկանշական է, որ այս սահմանափակումը նախկինում էլ չէր տարածվում Վրաստանի պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների՝ ռազմական ուսումնավարժությունների, զորավարժությունների և գործողությունների վրա։ Նոր փոփոխությամբ ուժային գերատեսչությունների բացառությունների ցանկին ավելացան նաև ՆԳՆ-ն ու ՊԱԾ-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին կառավարությունն ընդունել էր որոշում, որի համաձայն՝ պլաստիկե շշերով լցնովի ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը։