Սաակաշվիլիի պաշտոնավարման դեպքում կոալիցիայի անդամ չեմ լինի. Խոշտարիա

Ընդդիմադիր «Ժամանակն է» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան ասում է, որ չի լինի կոալիցիոն կառավարությունում, եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոն զբաղեցնի: Այս մասին նա հայտնել է «Պալիտրանիուսի» եթերում։

«Մեր կոալիցիոն համաձայնագիրն արդեն կա, սա տեսական բնույթի չէ, այլ ապագա խոսակցություն է: Այս կոալիցիոն համաձայնությունը ձեռք է բերվել ու ձևավորվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդությամբ, Նիկա Մելիայի հետ, ում տեսլականը հաստատակամ հավատն է կոալիցիայի նկատմամբ: Միաժամանակ Սաակաշվիլին պնդում է, որ մանդատ չի ուզում։ Եվ եթե պայմանները փոխվեն, և որոշվի, որ Միխեիլ Սաակաշվիլին պետք է պաշտոնավարի, այլ ոչ թե Մելիան կամ մեկ ուրիշը, ապա ես այս գործընթացին մասնակից չեմ լինի», — ասել է Խոշտարիան։

Ըստ նրա՝ նման դեպքում ինքը կլինի ընդդիմադիր դաշտում։

Հիշեցնենք, որ Էլենե Խոշտարիան 5-րդ օրն է, ինչ հացադուլ է անում խորհրդարանում՝ «Ազգային շարժում» խմբակցության սենյակում: Խոշտարիայի պահանջը Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր