Թռիչքների վերսկսմամբ Վրաստանի եվրաինտեգրումը չի վտանգվի․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման պատճառով Վրաստանի եվրաինտեգրմանը վտանգ չի սպառնա։ Նրա խոսքով՝ «Վրաստանը դեռ Եվրամիության անդամ չէ, հետևաբար պարտավորություն չունի ենթարկվել նրա քաղաքականությանը»։

«Վրաստանի եվրաինտեգրումը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ չի վտանգվի։ Մենք Եվրամիության անդամ չենք, ենթարկվելու համար ԵՄ-ի քաղաքականությանը պետք է լինենք Եվրամիության անդամ, այսօր մենք ԵՄ անդամ չենք։ Դրա համար տարիներ կպահանջվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին։

Հատկանշական է, որ Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսումը «անհանգստացնող» էր անվանել։

Ի դեպ, մայիսի 14-ին Վրաստանում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ: Թբիլիսիում միաժամանակ անցկացվում են նաև բողոքի ցույցեր։

2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։