ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը որոշ վայրերում մեկնարկել է միջադեպերով

Վրաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի առաջին ժամերին արդեն նկատվել են խախտումներ։ Զուգդիդիի մի քանի ընտրատեղամասերում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը սկսվել է աղմուկի ներքո։ 

Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից ահազանգում են, որ Ախալսոփելիի 36-րդ և 72-րդ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել կանգնել գրանցման սեղանի մոտ։ 

Միաժամանակ, երկու մեքենա էլ մոբիլիզացված է եղել 73-րդ ընտրատեղամասի մոտ (Ցայշիում), մեքենաներում, ըստ ենթադրությունների, նստած են եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակարգողները։ 

Մեքենաներում նստածներից մեկն էլ ասել է, թե իր գյուղն է ու պետք է այստեղ կանգնի։

Այս մասին տեսահոլովակը տարածել է «Ազգային շարժումը»։ Մեքենայում նստածին կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ իրավունք չունի կանգնել ընտրատեղամասից 100 մետր շառավիղով մոտ։ 

Այս մարդիկ տարածքը լքել են, երբ «ՄԱՇ»-ի ներկայացուցիչը ոստիկանություն է կանչել: 

Առանց աղմուկի չի անցել նաև Բաթումիի թիվ 17 ընտրատեղամասում։ Այստեղ հանձնաժողովի անդամներն ու դիտորդները հայտարարել են, որ իրենց թույլ չեն տվել ճշտել ընտրողների ինքնությունը։ 

Ընտրատեղամասի նախագահը հանձնաժողովի անդամին բացատրել է, որ դա իրենց գործառույթը չէ, և միայն հոսքը կարգավորողն իրավունք ունի նույնականացնել ընտրողին։ 

Աղմուկի պատճառով ընտրատեղամաս է ժամանել ընտրատարածքի նախագահը, որն էլ հանձնաժողովի անդամին բացատրել է, որ ինքնությունը ճշտելու իրավունք ունեն միայն հոսքը կարգավորողն ու գրանցողը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր