Որ մեքենաներին և երբ կթույլատրվի երթևեկել BUS LINE-ով

Ժամը 01:00-ից մինչև 06:00-ն առաքման (դիստրիբյուտորական) մեքենաներին թույլատրվելու է երթևեկել BUS LINE-ով (ավտոբուսի գծով)։ Այն կանոններն ու պայմանները, որոնց պետք է համապատասխանի առաքման մեքենան, սահմանվել են Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրամանով:

Համապատասխան նախաձեռնությունն արտացոլվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարված փոփոխությունների շրջանակում:

«Նախաձեռնությունը կնպաստի, որ առաքման ցանցերը գիշերային ժամերին կոնկրետ ապրանքներ տեղադրեն առևտրային կետերում, ինչը, մի կողմից, ուղղված կլինի քաղաքում խցանումների նվազեցմանը: Մյուս կողմից, քանի որ առաքման մեքենաները կկարողանան երթևեկել մեծ ծավալներով, հետևաբար, ծախսերը կկրճատվեն, և դա կնվազեցնի առաքման ծախսերը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, դրականորեն կանդրադառնա սննդամթերքի գների վրա»,- Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների գլխավոր նորությունը վերաբերում է վարորդների արագության գերազանցման համար սահմանված պատժամիջոցներին։ Մեղմացվել է նաև պատժամիջոցը մունիցիպալիտետի վարչական սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կանաչ տնկարկները վնասելու համար։

Մասնավորապես, նշված արարքը մունիցիպալիտետի վարչական սահմաններում կառաջացնի տուգանք 500 լարիի չափով՝ 2000 լարիի փոխարեն, կրկին կատարելու դեպքում՝ 1000 լարիի չափով՝ 5000 լարիի փոխարեն։ Թբիլիսի քաղաքի մունիցիպալիտետի վարչական սահմաններում կառաջացնի տուգանք 500 լարիի չափով՝ 5000 լարիի փոխարեն, կրկին կատարելու դեպքում՝ տուգանք 1000 լարիի չափով՝ 10 հազար լարիի փոխարեն։

Ավելի կոնկրետ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 125-րդ հոդվածի գործող կարգավորմամբ՝ վարորդի սահմանված երթևեկության արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանք 100 լարիի չափով, իսկ 40 կմ/ժ-ից ավելի արագությամբ գերազանցելը՝ 300 լարիի չափով։ Խորհրդարան ներկայացված օրենքի նախագծով՝ արագության գերազանցման համար նախատեսված պատժամիջոցները սահմանվում են նորովի։

Մասնավորապես, սահմանված երթևեկության արագության գերազանցման համար տուգանքը սահմանվում է հետևյալ կերպ.

 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ-ով գերազանցելու համար — 50 լարի,

 30 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 50 կմ/ժ-ով գերազանցելու համար — 100 լարի,

 50 կմ/ժ-ից ավելի արագությամբ գերազանցելու համար — 300 լարի։