Վրացական ալրաղացներն սկսել են աշխատել

Ալյուր արտադրողների ասոցիացիայի տվյալներով, հունիսի 12-ից՝ Վրաստան ներկրվող ալյուրի վրա ժամանակավոր մաքսատուրք սահմանելուց հետո, տեղական ալրաղաց գործարանները սկսել են գործել և վրացական ցորեն ընդունել:

Հացահատիկային ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Նիկոլոզ Բենիաիձեն  BusinessPressNews-ին ասել է, որ այս ընթացքում վաճառել են 1 000 տոննա ցորեն, որը կազմում է բերքի ընդամենը 10 տոկոսը։

«Ալրաղացների ներկայացուցիչներն ասում են, որ դեռ չեն կարող ավելացնել իրենց արտադրության հզորությունը, քանի որ շուկայում դեռ մեծ քանակությամբ էժան ներկրված ալյուր է մնացել։ Ըստ այդմ՝ մենք չգիտենք, թե երբ և ինչ գնով, կամ ինչ մեխանիզմով կկարողանանք հանձնել և՛ նախորդ տարվա, և՛ նոր բերքը»,- ասել է Բենիաիձեն։

Ի դեպ, ալյուրի վրա ժամանակավոր մաքսատուրք սահմանելուց հետո հացահատիկային ֆերմերները պնդում էին, որ իրենց հողերը կորցնելու վտանգի տակ են։ Պատճառը տեղական հացահատիկային մշակաբույսերի վաճառքի ցածր գինն էր, որը պայմանավորված էր Ռուսաստանից ալյուրի ներմուծման աճով։ Արդյունքում տեղի հացահատիկագործները ցորենի իրացման խնդրի առաջ են կանգնել։