Վրաստանի արտգործնախարարի հարցազրույցի հիմնական թեզերը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, միևնույն ժամանակ այս հարցը կապելով Վրաստանի հետ։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների զարգացման ոչ մի սցենար չի բացառում։

«Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի կոպիտ հռետորաբանության հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի և դրա չընդլայնման խնդիրն է։ Խոսքը վերաբերում է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումների վերանայմանը, որոնք վերաբերում են Վրաստանին ու Ուկրաինային», — ասել է Զալկալիանին Imedi հեռուստաընկերության եթերում։

Նախարարի խոսքով՝ զարգացումների ֆոնին Վրաստանի թեման երկրորդ պլան չի անցել. Վրաստանի հարցն ամենակարևորներից մեկն է, և դա հաստատում են ոչ միայն ներքին խոսակցությունները, այլ նաև հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով։ Զալկալիանին հիշեցրել է, որ Էնթոնի Բլինկենը Ժնևում Լավրովի հետ հանդիպումից առաջ խոսել է Վրաստանի օկուպացիայի, տեղահանվածների, 2008 թվականի ներխուժման և Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին։ Ըստ նախարարի՝  այս բանակցությունների ֆոնին ևս բարձրաձայնվում է Վրաստանի թեման։

«Ես սա ասում եմ ոչ միայն մեր լսած հռետորաբանության և հակասությունների պատճառով, այլ նաև ինքնիշխան պետության՝ նկատի ունեմ Ուկրաինայի դեմ ձեռնարկած գործողությունների պատճառով, երբ Ռուսաստանի Դաշնությունը դեէսկալացիայի մասին բանակցելու փոխարեն ավելացրեց ռազմական ուժը։ Դա ավելի ինտենսիվ է դարձրել զորավարժությունները, և ես տեղեկություն ունեմ, որ այս գործողությունները դեռ շարունակվում են», — ասել է արտգործնախարարը։

Դավիթ Զալկալիանիի կարծիքով՝ դիվանագիտությունը պետք է սպառի բոլոր հնարավորությունները, և պետք է գտնվեն միջոցներ, որոնք թույլ կտան թուլացնել իրավիճակի լարվածությունը։

«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները և ԱՄՆ-ը, ովքեր կարևոր դեր ունեն այս գործընթացում, խոսում են միաձայն։ Ինչ վերաբերում է Վրաստանին, նրանք ուղղակիորեն Ռուսաստանին ասում են, որ կարելի է խոսել որոշ թեմաների մասին, զինաթափման և այլն։ «Հնարավոր է երկխոսություն»՝ սա են պահանջում մեր արևմտյան գործընկերները Ռուսաստանի Դաշնությունից, որ եթե նրանք իրական ցանկություն և քաղաքական կամք ունենան դեէսկալացիայի, ապա դա տեղի կունենա մոտ օրերս», — ընգծել է Զալկալիանին։

Նա նաև նշել է, որ աշխարհը և ՆԱՏՕ-ի գործընկերները տեսնում են այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցում է Եվրաատլանտյան դաշինքին ինտեգրվելու իր ճանապարհին։

«Լսել եմ նաև, որ ասում են, թե ինչու Վրաստանն Ուկրաինային սատարող հայտարարություն չի արել։ Եթե ​​նույնիսկ վերցնենք վերջին տարին, ապա վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով եղել է Ուկրաինաում։ Մենք մասնակցել ենք Ղրիմի հարթակին, որին շատ պետություններ չեն մասնակցել։ Հիշեք Ղրիմի հարթակում Ուկրաինայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հստակ հայտարարությունները, ինչպես նաև իմ ցանկացած ելույթ ուղղված է Ուկրաինային և նրա ինքնիշխանությանը: Ինչու՞ են կարծում, որ մեր հասարակությունը հավատում է այս ստին, ​​մանիպուլյացիային ու քարոզչությանը», — ասել է Զալկալիանին։

Հիշեցնենք, որ Զալկալիանիի Բուխարեստ կատարած այցի ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ իրենք հավատարիմ են մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը և աջակցում են Ուկրաինային ու Վրաստանին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին։