Վրաստանի խորհրդարանն այսօր 3-րդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունները: Այսօրվա նիստին նույնպես չեն մասնակցի ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, որոնց միակ պահանջը Գիորգի Ռուռուայի ազատ արձակումն է, ինչից հետո նոր միայն խոստանում են մասնակցել քվեարկությանը:

Խորհրդարանի անկախ պատգամավորները ամբողջությամբ կողմ են օրենսդրական նախաձեռնությանը, և  իշխող թիմում կարծում են, որ փոփոխությունները առանց «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» էլ հնարավոր կլինի ընդունել:

Խորհրդարանը երկու ընթերցմամբ արդեն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունների վերջնական ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի նվազագույնը 113 պատգամավոր կողմ քվեարկի նախագծին:

Սահմանադրական փոփոխությունների մասին հակիրճ

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով:

Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում  միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի: