Խորհրդարանը կտեղափոխվի․ Թումասյանն առաջարկում է նախկին շենքը տրամադրել երիտասարդներին

Թբիլիսիում և Քութայիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքերի կոմունալ ծախսերը 2016-2017 թվականներին ընդհանուր առմամբ կազմել են 1 754 847 լարի։

Հիշյալ գումարից Քութայիսիի շենքի կոմունալ ծառայությունները պահանջել են 688 հազար 848 լարի, իսկ Թբիլիսիում տեղակայված խորհրդարանի շենքի կոմունալ ծառայությունները՝ 1 մլն 065 998 լարի:

Բացի այդ, մայրաքաղաք Թբիլիսիից ավելի քան 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քութայիսիում (Իմերեթի տարածաշրջան) բնակվելու համար խորհրդարանի անդամներին գումար է հատկացվում: Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, 150 պատգամավորից 51-ն է դրանից օգտվում: Խորհրդարանի բյուրոյի հաշվետվության համաձայն, 2016-ին ծառայողական մեքենաները ծախսել են 380 հազար 682 լիտր վառելիք:

Խորհրդարանի երկու շենքերի համար ծախսվող գումարը մշտապես թեժ քննարկումների առարկա է դառնում։ «Վրացական երազանք»-ը 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում գալով իշխանության, ժամանակ առ  ժամանակ օրակարգ է բերում հարցը, սակայն այս անգամ վերջնական որոշում է կայացրել։ 2019 թվականից խորհրդարանն ամբողջությամբ կվերադառնա Թբիլիսի:

Խորհրդարանը տարիներ շարունակ գործում է միաժամանակ երկու շենքերում՝ հանձնաժողովների նիստերը կայանում էին Թբիլիսիում, իսկ լիագումար նիստերը՝ Քութայիսիի մասնաշենքում: Մեծամասնությունն այս որոշումը բացատրում է ոչ միայն մեծածավալ ծախսերով, այլև նշում է, որ միաժամանակ երկու քաղաքներում մի մարմնի գործունեությունը, բարդացնում է խորհրդարանական կյանքն ու նրա զարգացումը:

Որոշմանը դեմ են արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները, հատկապես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և վերջինիս շարքերը լքած ու «Եվրոպական Վրաստան»-ը ձևավորած ուժի ներկայացուցիչները։  Հիշեցնենք, որ խորհրդարանը Քութայիսի տեղափոխելու գաղափարը հենց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա հիմնադիր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին էր։

«Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Խաթունա Գոգիրիշվիլիի կարծիքով՝ «սա նշանակում է, որ քութայիսցիները կզրկվեն լրացուցիչ աշխատավայրից և եկամտի աղբյուրից․ պատգամավորները չեն այցելի Քութայիսի, որը արդեն դարձել էր խորհրդարանական քաղաք»:

«Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին վերհիշելով Սաակաշվիլիի իշխանության տարիները, մեկնաբանում է, որ խորհրդարանը Քութայիսի է տեղափոխվել Վրաստանի շրջանների համաչափ զարգացման անհրաժեշտությամբ:

Ընդդիմադիր «Հայրենասերների» դաշինքի պատգամավորները, որ այս խորհրդարան են եկել ներկա իշխանությունների օրոք, նշում են՝ եթե այդպիսով հնարավոր կլինի  նվազեցնել ծախսերը, ապա համաձայն են մայրաքաղաք տեղափոխվելուն:

«Շատ դժվար է խորհրդարանի անդամների համար այսպիսի հաճախականությամբ քաղաքից քաղաք տեղափոխվելը։ Ամենակարևոր ու մտահոգիչ հարցը շռայլ ծախսերն են, երբ այսքան սոված ու աղքատ մարդիկ կան: Այդ գումարները կարելի է հատկացնել հազարավոր կարիքավոր ընտանիքների»,- նկատում է դաշինքի առաջնորդներից Իրմա Ինաշվիլին:

«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն վստահեցնում է՝ ամեն ինչ արվելու է, որ խորհրդարանը մայրաքաղաք տեղափոխելու գործընթացը բացասաբար չազդի Քութայիսիի բնակիչների վրա։ Միևնույն ժամանակ, սակայն, նա նկատում է, որ «իրականում խորհրդարանի ներկայությունը Քութայիսիին մեծ տնտեսական աճ չի բերել: Տրամաբանական է, որ օրենսդիր և գործադիր մարմինները՝ խորհրդարանն ու կառավարությունը պետք է լինեն նույն քաղաքում»։

Կառավարության անդամները, ընդգծելով Վրաստանի խորհրդարանական երկիր լինելու փաստը, ուստի կարծում են, որ խորհրդարանի համար կառավարության գործունեության վերահսկումը առավել դյուրին կլինի հենց կենտրոնից՝ Թբիլիսիից:

Մինչ խորհրդարանը Քութայիսիից կտեղափոխվի մայրաքաղաք, քննարկվում է նաև Քութայիսիի շենքի ճակատագիրը։ Խոսակցություններ կան, որ այդ շենքը կտրվի ՆԳՆ-ին, որտեղ կգործի ոստիկանական ակադեմիան։

ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության 2017-2018 թվականների ներկայացուցիչ Գիորգի Թումասյանը կառավարությանն առաջարկում է շենքը տրամադրել Երիտասարդական խորհրդարանին։

«Վրաստանի նոր վարչապետն իր ծրագիրը ներկայացնելիս ընդգծեց, որ նոր կառավարության համար առաջնահերթություն են երիտասարդությանը վերաբերող հարցերը, կրթությունն ու նորարարությունը։ Այժմ, երբ խորհրդարանը Քութայիսիից ամբողջությամբ տեղափոխվում է Թբիլիսի, ես առաջարկում եմ շենքը տրամադրել երիտասարդությանը, այնտեղ կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որը նոր սերնդի լավագույն ներկայացուցիչներին կներգրավվի երկրի զարգացման գործընթացներում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Գիորգի Թումասյանը։

Նա վստահեցնում է, որ հարյուրավոր երիտասարդներ պատրաստ են միանալ այս նախաձեռնությանը: Թումասյանը պատրաստվում է առաջիկայում  երիտասարդական խմբերի հետ հանդիպում կազմակերպել, որից հետո կդիմեն վարչապետին:

Հավելենք, որ Քութայիսին խորհրդարանական քաղաք էր հայտարարվել 2009-ի սեպտեմբերի 24-ին, համապատասխան փոփոխություններ էին մտցվել նաև Սահմանադրության 46-րդ հոդվածում:

Խորհրդարանի նոր շենքի կառուցման համար նախկին իշխանությունները հատկացրել են 133 մլն 700 հազար լարի: Շենքը կառուցվել էր իսպանական CMD Ingenieros կազմակերպության նախագծով: