Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունենում հանդիպում իշխանության և ընդդիմության միջև

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ընթանում է Վրաստանի իշխանության և ընդդիմության բանակցությունների 3-րդ փուլը: Հանդիպմանը մասնակցում են միջորդներ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանը և ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները:

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դեսպանների միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:

Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:

Այսօրվա հանդիպումից հետո պարզ կդառնա՝ ինչ զարգացումներ կլինեն Վրաստանի ներքաղաքական կյանքում, քանի որ դեկտեմբերի 11-ին, հավանաբար, կնշանակվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և այսօրվա բանակցությունների արդյունքից է կախված, թե ինչ տեսք կունենա Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը: