ԵՄ-ի 9 պայմաններից 7-ը կատարված չեն. ստատուսմետր

Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի հետ ԵՄ անդամակցության բանակցություններին ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի սահմանած 9 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 9 պայմաններից միայն երկուսը։

«Քաղաքացիական հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ, 12 ՀԿ-ներ ներկայացրել են կարգավիճակի չափիչը (ստատուսմետր): ՀԿ-ների ներկայացուցիչների գնահատմամբ՝ վերջին հինգ ամսում իշխանությունների կողմից 9 քայլերը կատարելու լուրջ գործողություններ չեն կատարվել։ Զեկույցի համաձայն, դեռևս 7 քայլ պետք է կատարվի:

Ըստ նրանց՝ մասամբ իրականացվել է երկրորդ (Վրաստանի համապատասխանեցման բարելավում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ) և յոթերորդ (կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքար) քայլերի առումով։

«Ցավալի է, որ իշխանությունը չունի քաղաքական կամք 9 քայլերն ավարտին հասցնելու համար, ինչը ևս մեկ անգամ հաստատվում է ռուսական օրենքի ընդունման փորձով, որը փակում է Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն»,- կարծում են ՀԿ-ները:

Ի դեպ, Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու է: 2024 թվականի դեկտեմբերի 14-ի գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաշվի են առել հանձնաժողովի հանձնարարականը և Վրաստանին տվել թեկնածու երկրի կարգավիճակ՝ ընդգծելով, որ 9 քայլ ևս պետք է արվի։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները