Երեկվա օրը համառոտ. ապրիլի 23

Ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ վիրահայերն անցկացրին ավանդական դարձած ջահերով երթը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցը, որում նշվում է նաև Վրաստանի մասին: Զեկույցի համաձայն, «տարվա ընթացքում վրացիներն աջակցել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը»։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս մեկ անգամ ասել է, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը «չի համապատասխանում Եվրամիության արժեքներին»։

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխաել Ռոթը հանդիպել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լևան Իզորիայի հետ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «ռուսական օրենքն» առաջին ընթերցմամբ ընդունելու պատճառով։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը 30 մլն լարի է խոստանում ազգային հավաքականի ֆուտբոլային թիմին, եթե վերջինս հաղթանակ տանի Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում:

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզում վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու և տրամադրելու փաստով չորս անձ է ձերբակալվել:

Թբիլիսիի Աբանոթուբանիի հյուրանոցներից մեկում ռուս և վրացի փորձագետներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ համաժողով են անցկացրել՝ քննարկելու «Ավանդական արժեքները որպես երկրների և մարդկանց միավորելու գործոն» թեման։

Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի մարզ: Դեսպանը հանդիպել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը եղել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզում: ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, այցելել է նաև Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան: