Երեկվա օրը համառոտ. հունվարի 31

Վրաստանի ամենամեծ և ազդեցիկ, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը նորընտիր նախագահ ունի` Լևան Խաբեիշվիլի: Համախոհները Խաբեիշվիլիից ակնկալում են առավելագույն ակտիվություն և Սաակաշվիլիին բանտից ազատումը։ Հիշեցնենք, որ Խաբեիշվիլին 5 180 ձայնով (52,58 տոկոսով) հաղթել է ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Նիկա Մելիային. նա հավաքել է 40 տոկոս ձայն, ավելին՝ այստեղ:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիան որոշել է չընդունել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկման համանախագահներին:

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, հանցագործությունների թիվը նվազել է 3,39 տոկոսով:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չալաձեն տեղեկություն է տարածել, ըստ որի` Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։

Ախալքալաքի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները շարունակվում են:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանի հետ։

Փետրվարի 1-ից տրանսպորտային միջոցների կրկնակի տեխզննումը վճարովի կդառնա:

Հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև որպես «Ալտ-Ինֆո», երկրում LGBT ցույցերն արգելելու օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանի խորհրդարանին։

«Transparency International-Վրաստանը» հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»։ Ըստ 2022 թվականի ինդեքսի՝ Վրաստանն ունի 56 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ մեկ միավորով ավելի է։ Կոռուպցիայի ընկալման ամենացածր մակարդակը 100 միավոր է, իսկ ամենաբարձրը՝ 0։

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 188,1 տոկոսով։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 11 տոկոս, իսկ 2022 թվականի միջին իրական աճը որոշվել է 10,1 տոկոս։

Թբիլիսիում կայացել է քիքբոքսինգի և խառը մենամարտերի (MMA) միջազգային մրցաշար, որտեղ հաջողությամբ մրցել են Մառնեուլիի մունիցիպալիտետի մարզադպրոցի քիքբռնցքամարտիկները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում գոյություն ունեցող և ձևավորվող բազմակողմ բանակցային ձևաչափերին: