Երեկվա օրը համառոտ. մայիսի 17

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հայտարարություն է տարածել հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ չնայած լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ) արժանապատվության ճանաչման համար պայքարի երկար պատմությանը, հիշյալ համայնքի անդամների անվտանգության և իրավունքների իրական պաշտպանությունը և սոցիալական հոմոֆոբիան դեռևս կարևոր մարտահրավեր են Վրաստանում, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց առօրյայի, հանրային և անձնական կյանքի վրա։

Եվրախորհուրդը Ուկրաինայի համար վնասների ռեգիստր է ստեղծում, որը կդառնա ռուսական ագրեսիայի զոհերին փոխհատուցում վճարելու միջազգային առաջին մեխանիզմը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը կրկին խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և վրացական ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։

«Ռուսական փոստը» դիտարկում է դեպի Վրաստան ուղիղ ավիաառաքման հնարավորությունը:

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ձեռք բերած ապացույցների հիման վրա ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 6 կողմնակիցներ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետություն ընդդիմադիր «Ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբան դժգոհություն է հայտնել Վրաստանի հետ կապված Ռուսաստանի կայացրած վերջին որոշումներից:

Նիկարագուայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Դենիս Մոնկադա Կոլինդրեսը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում է:

Վրաստանում առաջին Մարքեթինգային տեխնոլոգիաների Martech փառատոնը կանցկացվի հունիսի 9-ին Touch Platform-ի կազմակերպմամբ։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում, որն ընթանում է Ռեյկյավիկում։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան անպատասխանատու, անսկզբունքային և անհետևողական է անվանել ընդդիմադիր հինգ պատգամավորների որոշումը, որով վերջիններս աջակցել են Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածուներին։

Կուդո մարզաձևի աշխարհի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Սեդրակ Կարապետյանը աշխարհի չեմպիոն է դարձել՝ նվաճելով ոսկե մեդալ։

Վրացական Georgian Airways ավիաընկերության ֆեյսբուքյան էջը բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել մայիսի 20-ին Թբիլիսի-Մոսկվա տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարությունից հետո և սահմանափակել է մեկնաբանությունների ռեժիմը։

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը երկրի գլխավոր դատախազություն է դիմել՝ քրեական գործ հարուցել սոցիալական ցանցերում վիրահայերի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ։