Վերին Լարսի հսկիչ անցակետը կվերաբացվի 10 օրից

view_new (1)

Վերին Լարսի հսկիչ անցակետը կվերաբացվի 10 օրից: Այս մասին «Ալիք» մեդիայի հետ զրույցում ասել է Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Խաթունա Փայչաձեն: «Այս պահին վերկանգնողական աշխատանքներ են ընթանում. Վերին Լարս տանող ճանապարհի 800 մետր հատվածը փաստացի գոյություն չունի»,-ասաց Փայչաձեն, հույս հայտնելով, որ նախատեսված ժամկետում կբացվի ճանապարհը: Հիշեցնենք, որ վրաց-ռուսական սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետը փակ է հունիսի 23-ից, երբ հորդառատ անձրևների հետևանքով Թերեքի գետի մակարդակը բարձրացել է` փլուզելով Ռուսաստանը և Վրաստանը միացնող ռազմավարական ճանապարհի մի հատվածը: Այս պահին ճանապարհին կուտակված են հարյուրավոր մեքենաներ: Դրանց մեծ մասը հայկական ընկերություններին պատկանող բեռնատարներ են, որ տարվա այս սեզոնին Ռուսասատան են արտահանում հատկապես հայկական միրգն ու բանջարեղենը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հենվելով Վրաստանից ու ՌԴ-ից ստացած հաղորդագրությունների վրա, տեղեկատվություն է տարածել, որ Լարսի անցակետի մոտ վրանային ավան է ստեղծվել, մարդկանց գիշերակացի հնարավորություն ու տաք սնունդ է տրվել: «Աշխատանքներ են տարվում նաև Ռուսաստանի սահմանային անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում: Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը, որ անցնում է վտանգավոր լեռնանցքով, հաճախ է դառնում բնական աղետների էպիկենտրոն: Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով: Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Խաթունա Փայչաձեն նշում է. «Այս անգամ քարաթափումներին նպաստեցին նաև երկու տարի առաջ նույն վայրում տեղի ունեցած մեծ աղետի հետևանքները»:

Հավելենք, որ երկու տարի առաջ Թերեք գետի հովտում գտնվող Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքի տակ էին հայտնվել բազմաթիվ մեքենաներ, եղել էին զոհեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>