Տաբիձեն՝ Թումանյանի մասին

Վրաց մեծն բանաստեղծ Տիցիան Տաբիձեի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին.

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների փառահեղ անհատականություններից էր: Ով անձամբ ճանաչել է Հովհաննեսին, հանգամանորեն հիշում է նրա մասին բոլոր ասացվածքները: Այդ լուսավոր էակն իրեն ճանաչողների բարեկամն էր մնում ամբողջ կյանքում։

1917 թվականի գարունն էր: Մոսկվայից նոր էի վերադարձել Թիֆլիս, ինձ հետ էր եկել նաև Կ․ Բալմոնտը:

Ուրախության և հեղափոխության ժամանակներն էր:

Հովհաննես Թումանյանին առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում՝ Բալմոնտի պատվին Սանդրո Կանչելիի մատուցած ընթրիքի ժամանակ։

Նա այնքան ազատ էր իրեն զգում, նույնիսկ Բալմոնտից հետ չէր մնում ռուսերեն էքսպրոմտներում։ Էքսպրոմտի թեման Փացա Ամիրեջիբի «Բաց կապույտ հովազ»-ն էր:

Մեկ ամիս անց «Русское слово»-ում տպագրվեց Բալմոնտի՝ «Тебе, Ованес Туманян» բանաստեղծությունը:

Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը:

Մեծ հայրենասիրությունը չէր խանգարում Հովհաննեսին` վրացական կողմնորոշում ունենալ:

Հայտնի է, որ Օսմանյան կայսրության հետ պատերազմի ժամանակ, որտեղ մահացել է նրա ավագ որդին, Թումանյանը 7 աղջիկ է ուղարկել ճակատ` որպես բուժքույր և երբ հայ-վրացական պատերազմը սկսեց, նրա երեխաներից ոմանք Երևանում հայտնվեցին: Հովհաննես Թումանյանը հրամայել է երեխաներին` չմասնակցել պատերազմին, թե չէ կանիծի նրանց․ սա սիրո մեծ դրսևորում էր։

Հարկ է նշել, որ Հովհաննես Թումանյանն իսկական հայրապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրան լսում էին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլ նաև իշխանությունները։

Հովհաննես Թումանյանի նման հեղինակությունն ինձ հիշեցնում էր Իլիա Ճավճավաձեին:

Բացառիկ էր նաև Հովհաննեսի վերաբերմունքը մեր բանաստեղծներին: Չի եղել դեպք, երբ մեր ելույթների ժամանակ Հովհաննեսը ներկա չլիներ և իր հեղինակավոր խոսքը չասեր:

Հիշում եմ, 1919 թվականի ապրիլի 2-ին՝ իմ երեկոյին, նա կարդաց Վրաստանին և վրաց գրողներին նվիրված բանաստեղծություն:

1920 թվականի մայիսի 7-ին Վրաստանի գրողների միությունը որոշեց բանաստեղծության երեկո կազմակերպել: Որոշվել էր օրը մեծ տոն դարձնել: Հիշում եմ՝ Հովհաննեսն այդ ժամանակ ամեն օր գալիս էր, օգնում էր և վերջում պարզվեց, որ նա ավելի շատ բան արեց, քան բոլոր վրացի գործիչները միասին:

Այն ժամանակվա «Ստեղծագործության օր»-ում հրապարակված է Հովհաննես Թումանյանի նամակը Վրաստանի մասին, որը նույնպես սիրո և հարգանքի մեծ դրսևորում է:

Ավելի վաղ, Հովհաննես Թումանյանը «Слово» թերթում  Կովկասի վերաբերյալ նամակ եր հրապարակել, որտեղ Վրաստանին «Կովկասի Ֆրանսիա» էր անվանում` հեղափոխականների և բանաստեղծների բնօրրան: Սա պատմական նամակ է:

Եթե այսպիսին էր Հովհաննես Թումանյանը պաշտոնական ելույթներում, իր ընտանիքում անձնականը սահման չուներ: Իր մեծ բնակարանը, մեծ բուխարին և արևելյան բուրմունքը մտերմիկ միջավայր էր ստեղծում և դա պոեզիայի անվերջ իմպրովիզ էր:

Ամեն անգամ, երբ այցելում էինք իր տուն, Հովհաննեսի մոտ հավաքված էին լինում բոլոր հայ գրողները:

Հիշում եմ Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում, որից ոգեշնչված՝ Слово թերթում ֆելիետոն գրեց Սերգեյ Գորոդեցկին:

Հովհաննեսը ցանկանում եր, որ հարևան ազգերի միջև հոգևոր անխափան կապ լինի: Իր տանը հաճախ էինք հանդիպում նաև մահմեդական գրողների, նրանք շատ էին սիրում Հովհաննեսին: Գաղտնի արարողակարգ էր, երբ վրաց գրողների պահանջով Հովհաննես Թումանյանին թոշակ նշանակեցին, ինչը  Հովհաննեսի համար բարոյական նշանակություն ուներ։ Այդ առիթով Հովհաննեսն իր տանը երեկույթ կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրացի գրողները: Հավերժ կհիշեմ այս երեկոն և, հատկապես, Վասիլ Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մակղաշվիլիի, Վալերիան Գափրինդաշվիլիի և Պաոլո Յաշվիլիի ելույթները:

Չեմ պատկերացնում Հովհաննես Թումանյանի կյանքի վերջին րոպեները, սակայն վստահ եմ, որ ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող անձը կյանքին հրաժեշտ կտար նույն սիրով ու ընդմիշտ հավատ ներշնչող խոսքերով, ինչպես սուրբ Հովհաննեսը, ով ժողովրդի առջև վերջին անգամ խոսքով հանդես գալով, արցունքոտ ասաց.

-Սիրեք զմիմիանս….

Ոչինչ չեմ ասում բանաստեղծ Հովհաննեսի մասին, ոչ էլ իր հետ ունեցած հանդիպումների մասին: Սա հաջորդ հուշագրում, երբ մահն ինձ կմոտեցնի Հովհաննեսի աճյունին․․․

Թողնել պատասխան