Հարավային Կովկասում ընթացող քաղաքական վերադասավորումների ֆոնին Վրաստանի հասարակական-քաղաքական և փորձագիտական շրջանակները մեծ ուշադրությամբ հետևում էին Հայաստանում հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Հաշվի առնելով երկու երկրների աշխարհաքաղաքական տարբեր վեկտորներն ու միաժամանակ ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերները՝ վրացական արձագանքները կարելի է բաժանել մի քանի հիմնական շերտերի՝ պաշտոնական դիվանագիտություն, փորձագիտական վերլուծություններ և քաղաքացիական հասարակության ընկալումներ։
Վրաստանի իշխանությունների արձագանքը կրում էր ընդգծված պրագմատիկ և դիվանագիտական բնույթ։ Պաշտոնական Թբիլիսին ընտրությունների ավարտից անմիջապես հետո հանդես եկավ հայտարարություններով՝ շնորհավորելով հայ ժողովրդին ժողովրդավարական գործընթացի կայացման կապակցությամբ։
Վրացի քաղաքագետների, միջազգայնագետների և տարածաշրջանային վերլուծաբանների ուշադրության կենտրոնում հիմնականում երկու հարց է՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։
Վրացի վերլուծաբաններն ակտիվորեն քննարկում են, թե ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունն ինչպիսի քայլեր կձեռնարկի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ մերձեցման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման համատեքստում։
Վրաստանի քաղաքացիների և ակտիվիստների դիրքորոշումները ևս բավականին բազմաշերտ են։ Ձեզ ենք ներկայացնում որոշ քաղաքացիների մեդահարթակում կատարած հրապարակումներից՝ առանց միջամտելու բովանդակությանը։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է.
«Հայաստանում քաղաքակիրթ ընտրություններ անցկացվեցին, և պարզվեց, որ փողը չէ ամենագլխավոր արժեքը։ Այնինչ մեզ մոտ բոլորի գլխում դա է նստած, ինչով էլ նիհիլիզմ են սերմանում ժողովրդի մեջ։ Սա է մեր հիվանդությունը, ուրիշ ոչինչ։ Շուրջս միայն լսում եմ՝ «փող ունեն, մեկ է՝ հաղթելու են»։
Դե հիմա հայերն ապացուցեցին, որ փողը գլխավորը չէ, և օլիգարխներն այդպես էլ չկարողացան գնել ընտրողին։ Չնայած Հայաստանն այսօր սոցիալապես ավելի ծանր վիճակում է, քան մենք, այսքան տարվա արթնացումից հետո նրանց ազատությունն ավելի շատ է պետք, քան փողը։ Այ սա՛ է արժեքը»։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ Հայաստանի ընտրություններին ողջ աշխարհն էր հետևում. «Սա պատմական ընտրություն էր, քանի որ քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն լիդերների, այլև երկրի ապագա զարգացման ուղին։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ իր համար կարևոր է սուվերեն ուժեղ պետության կառուցումը՝ հիմնված եվրոպական արժեքների վրա»։
Մեկնաբանվում է նաև երկու հարևան երկրների զարգացման ընթացքը. քաղաքացիներից մեկը գրել է. «Շատերն են խոսում և տարբեր ասպեկտներով համեմատում Հայաստանն ու Վրաստանը։ Ճիշտ մոտեցում չէ։ Վրաստանի 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունը», երկրի զարգացումը, առաջընթացն ու բորբոսնած մտածելակերպի փոփոխությունը ժամանակի մեքենա նստելու և դեպի հաջորդ դար թռիչք կատարելու նման մի բան էր, որն այսօր, ցավոք, հետընթաց է ապրում»։
Վրացական մեդիատիրույթում, սակայն, քննարկումները միայն լավատեսական չեն։ Օգտատերերի մի զգալի մասը, որոնք ավելի պրագմատիկ կամ կոնսերվատիվ հայացքներ ունեն, քննադատաբար են մոտենում Հայաստանի ընտրությունների արդյունքներին ու Արևմուտքի արձագանքին։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է. «Ոմանք կարծում են, թե Փաշինյանը կհաղթեր նաև առանց կեղծիքների, ինչի հետ ես համաձայն չեմ։ Հայերն իրենց կամքով հրաժարվողը չեն այն բարիքներից, որոնք գալիս են Ռուսաստանից, և այդ ամենը չեն փոխի Եվրոպայի խոստումների հետ։ Միայն Ռուսաստանից եկող տարեկան տրանսֆերտները կազմում են 3.9 մլրդ դոլար, ռուս զբոսաշրջիկներից ստացվող եկամուտը՝ մինչև 2 մլրդ դոլար, դրան գումարած հայկական արտահանումը (խմիչքներ, մրգեր, բանջարեղեն), որը կկորչի։ Բացի այդ, Հայաստանի ատոմակայանի վառելիքը նույնպես Ռուսաստանն է մատակարարում…»։
Մեկ այլ քաղաքացի անդրադարձել է ձերբակալությունների խնդրին։
«Փաշինյանը դեռ առավոտից սպառնում էր ձերբակալել ընդդիմության ներկայացուցիչներին, իսկ ընտրությունների ժամանակ վեց ընդդիմադիր ձերբակալվեց։ Հարց է առաջանում «ժողովրդավարության պաշտպան» եվրոպացիներին. Փաշինյանի դեպքում սա խնդիր չի՞ համարվում, որովհետև նա «ձերոնցի՞ց» է, թե՞ այսպես է աշխատում ձեր ստանդարտը։ Թե՞ գործ ունենք Հայաստանի աշխարհագրական դիրքի կարևորության հետ»,- գրել է օգտատերը։ Նաև հավելել է` կարճ ասած, Հայաստանը գնում է ծանոթ շրջանով և հիշեցնում է Վրաստանի ոչ վաղ անցյալը. ցավալի է, որ այսպես օգտագործում են հայերին, որոնք մեզանից ավելի բարդ ու փակ աշխարհաքաղաքական միջավայրում են։
Բացի սոցիալական ցանցերում քաղաքացիների ակտիվ քննարկումներից, Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունների թեման վերջին օրերին առաջատար էր վրացական լրատվամիջոցներում։ Վրացական մեդիան արտակարգ ակտիվությամբ և համապարփակ ձևով է լուսաբանել ընտրությունների ողջ ընթացքը՝ նախընտրական քարոզարշավից մինչև քվեարկության բուն օրն ու հետընտրական զարգացումները։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասին վրաստանյան վերլուծաբանների կարծիքները։
Հայաստանում կայանալիք ընտրությունների կարևորությունը. արձագանք Վրաստանից