«Վրացական երկաթուղու» նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վրաստանի ՊԱԾ-ը (Պետական անվտանգության ծառայություն) հետախուզում է հայտարարել «Վրացական երկաթուղու» նախկին ղեկավար Դավիթ Փերաձեի նկատմամբ. նրա հետ միասին ևս 7 անձի մեղադրում են խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացման համար։

Դավիթ Փերաձեն «Վրացական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերությունը ղեկավարել է 2017-2025 թվականներին։

«Վրացական երկաթուղի»-ում աշխատելուց առաջ Փերաձեն Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Համաներդրումների հիմնադրամ»-ում «Մտկվարի ՀԷԿ»-ի տնօրենն էր։

«Գործը վերաբերում է «Վրացական երկաթուղի» ընկերությունում աշխատելու ժամանակահատվածում նախկին ղեկավար անձանց կիրառած կոռուպցիոն սխեմաներին»,- հայտարարվել է հունիսի 16-ին ՊԱԾ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Գործում հիշատակվում է նաև «Ջեոսթիլ» ձեռնարկությունը, որին հանձնվել է որոշակի ծավալի սև մետաղ։

Ըստ մեղադրանքի՝ այս սխեմայով մեղադրյալները «տիրացել են պետությանը պատկանող խոշոր չափի գումարի և անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքին տվել օրինական տեսք»։