Արտարժույթով վարկերի տրամադրումը սահմանափակվում է

Վրաստանի ազգային բանկի նախագահի հրամանով՝ արտարժույթով վարկերի տրամադրումը սահմանափակվում է, և փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։

Ավելի կոնկրետ՝ 2026 թվականի հուլիսի 1-ից վարկատու կազմակերպությունները մինչև 1 մլն լարիի չափով վարկերն ու բանկային կրեդիտները կտրամադրեն միայն ազգային արժույթով՝ լարիով։

Համապատասխանաբար, այն քաղաքացիները, որոնք եկամուտ են ստանում լարիով, այլևս չեն կարողանա արտարժույթով մինչև 1 միլիոն լարիի չափով վարկ վերցնել։

Հատկանշական է, որ նոր կանոնակարգի համաձայն՝ լարիով տրամադրված չի համարվի որևէ ձևով արտարժույթին կապված կամ ինդեքսավորված վարկը։

Ազգային բանկի պարզաբանմամբ՝ սահմանափակումը չի տարածվի հետևյալ մի քանի բացառիկ դեպքերի վրա.

–Եթե վարկի տրամադրման արդյունքում վարկառուի ընդհանուր պարտավորությունները կոնկրետ վարկատուի հանդեպ գերազանցում են 1 միլիոն լարին;

 –Եթե վարկառուն Վրաստանի քաղաքացի չէ կամ Վրաստանում չգրանցված իրավաբանական անձ է;

 Եթե վարկն ամբողջությամբ ապահովված է նույն արժույթով առկա դրամական միջոցներով (ավանդով);

 –Եթե վարկառուն վարկի սպասարկման համար բավարար եկամուտն ամբողջությամբ ստանում է համապատասխան արտարժույթով;

–Եթե տեղի է ունենում գոյություն ունեցող վարկի վերաֆինանսավորում կամ վերակառուցավորում (ռեստրուկտուրիզացիա) նույն արժույթով, և պարտավորության ծավալը չի ավելանում։

Հրամանը տարածվում է նաև երաշխավոր ֆիզիկական անձանց վրա, իսկ որոշակի դեպքերում՝ նաև բանկային երաշխիքի և ակրեդիտիվի հիման վրա առաջացած պարտավորությունների վրա։

Դրա հետ մեկտեղ, ուժը կորցրած է ճանաչվում Ազգային բանկի 2025 թվականի հուլիսի 21-ի հրամանը, որը կարգավորում էր մինչև 750 հազար լարիի չափով վարկերի տրամադրումը լարիով։ Նոր կարգով՝ նշված շեմը 750 հազար լարիից բարձրանում է մինչև 1 միլիոն լարի։

Հիշեցնենք, որ նշված որոշումը Վրաստանի ազգային բանկի ֆինանսական կայունության կոմիտեն կայացրել էր դեռևս մայիսին, ինչը Ազգային բանկի նախագահը հաստատեց հունիսի 15-ով թվագրված հրամանով։