«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ, ահաբեկչական գործողության փորձի կատարման մեղադրանքով ձերբակալված քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլիին դատավոր Գիորգի Գելաշվիլին վտարել է դատական նիստերի դահլիճից։
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է ահաբեկչական գործողության փորձի կատարման մեղադրանքով հարուցված քրեական գործը։ Այսօրվա նիստին հարցաքննվում են դատախազության վկա փորձագետները, որոնք իրականացրել են բժշկական և քիմիական փորձաքննությունները։
Ըստ տեղեկության՝ Ալեկո Էլիսաշվիլին հարցեր էր ուղղում փորձագետին, և դատավորը նրան հորդորել է հարցը որոշակիացնել, ինչին ի պատասխան Էլիսաշվիլին հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս խոսել, և իր հարցը համատեքստի կարիք ունի։ Այս պատասխանից հետո Գիորգի Գելաշվիլին քաղաքական գործչին վտարել է նիստից։
«Ինտերպրեսնյուս» և «Ռադիո Ազատություն» լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատավորը մինչ այդ նույնպես մի քանի անգամ նախազգուշացրել էր Էլիսաշվիլիին, իսկ նախազգուշացումներից մեկին Էլիսաշվիլին պատասխանել էր. «Սիրտս ճաքեց, շատ վախեցա»։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավորը վտարման պատճառ է համարել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն ու վիրավորանքը` հավելելով, որ այլևս անհնար է հանդուրժել նման պահվածքը։
Ըստ դատական պրակտիկայի՝ մեղադրյալին էական քննության նիստին վերադարձնելու համար փաստաբանները միջնորդություններ են ներկայացնում դատավորին։ Եթե դատավորը չբավարարի այդ միջնորդությունները, հնարավոր է՝ Էլիսաշվիլին նիստերին չմասնակցի մինչև դատավճռի կայացումը։
Ալեկո Էլիսաշվիլիին մեղադրում են 2025 թվականի նոյեմբերի 29-ին ահաբեկչական գործողության փորձ կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-323-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողության փորձ), ինչը պատժվում է 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Էլիսաշվիլին մեղադրվում է նաև երկրորդ դրվագով․ դատախազությունը նրան մեղադրում է 2025 թվականի մայիսի 4-ին դատարանի արխիվում հրդեհ բռնկելու համար։ Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։