Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին Ղազախստանում ստորագրել է զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագրեր:
Նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթերը ստորագրվել են երկու երկրների կառավարության անդամների ընդլայնված կազմով բանակցություններից հետո:
«Զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիրը նախատեսում է այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխգործակցության խորացում, համատեղ նախաձեռնությունների իրականացում, նաև զբոսաշրջային արդյունքների ու մասնագիտական փորձի փոխանակում, ինչն իր հերթին կնպաստի զբոսաշրջային ներուժի հզորացմանը և դրականորեն կանդրադառնա երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աճի վրա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը նախատեսում է Վրաստանի և Ղազախստանի Հանրապետության միջև թվային տնտեսության, հանրային թվային ծառայությունների և թվային ուսուցման զարգացում: Փաստաթուղթը նաև կնպաստի վրացական ու ղազախական ստարտափների և ՏՏ ընկերությունների փոխկապակցմանն ու փորձի փոխանակմանը:
Ղազախական կողմից փաստաթղթերը ստորագրել են տուրիզմի և սպորտի նախարար Էրբոլ Միրզաբոսինովը և արհեստական բանականության ու թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը:
Վրաստանի կառավարական պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում, որը գլխավորում է Վրաստանի վարչապետը, Վրաստանի և Ղազախստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել: Համատեղ հռչակագիրը, որի համաձայն երկու երկրների հարաբերությունները բարձրանում են ռազմավարական գործընկերության մակարդակի, ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը: