«Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունները. ամփոփ

Շաբաթներ առաջ «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունը, որի համաձայն՝ ժամանցային և մարզական ալիքները կունենան արտասահմանյան ֆինանսավորում ստանալու իրավունք։

Օրենքի փոփոխությունը չի տարածվում այն հեռարձակողների վրա, որոնք լուսաբանում են նորություններ և հասարակական-քաղաքական թեմաներ։

Օրենքով սահմանվում է նաև, որ արգելված ֆինանսավորում ստանալու դեպքում Հաղորդակցությունների կարգավորող ազգային հանձնաժողովը լիազորված կլինի, «Հեռարձակման մասին» օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելուց զատ, պարտավորեցնել հեռարձակողին` ստացած ֆինանսավորումը փոխանցել պետական բյուջե։

Օրինագիծը մշակել էին խորհրդարանական մեծամասնության չորս պատգամավորներ՝ Շոթա Բերեկաշվիլին, Արչիլ Գորդուլաձեն, Անտոն Օբոլաշվիլին և Գիորգի Բարվենաշվիլին։ Բացի Գորդուլաձեից, մյուս երեքը միլիոնատեր են։

Նրանց նախաձեռնությամբ՝ «Հեռարձակման մասին» օրենքի 66-րդ պրիմ հոդվածի առաջին պրիմ կետը պետք է փոփոխվի, որից հետո արտասահմանից ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան մասնագիտացված հեռարձակողները։

Որն է համարվում արտասահմանյան ֆինանսավորում

Արտասահմանյան ֆինանսավորում է որակվում արտերկրից ստացված ցանկացած եկամուտ, որը հեռարձակողը չի ստացել գովազդից։ Օրինակ՝ տեխնիկայի թարմացմանն ուղղված դրամաշնորհը, արտասահմանյան ֆինանսավորմամբ պատրաստված հաղորդման եթեր հեռարձակումը և այլն։

Ում փոխանցած գումարն է դիտարկվում արտասահմանյան ֆինանսավորում

  •  Օտարերկրյա պետության կառավարական համակարգի սուբյեկտի,
  •  Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձի,
  •  Վրաստանում չգրանցված ընկերության։

Ովքեր են մասնագիտացված հեռարձակողները

Այն հեռուստաալիքները, որոնք ունեն մեկ թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝

  •  Մարզական,
  • Երաժշտական,
  •  Մանկական,
  •  Կրթական,
  •  Մշակութային,
  •  Կրոնական,
  •  Գործարար/տնտեսական,
  •  Կինոալիքներ։

Նման ալիքների շարքին չեն դասվում այն հեռուստաընկերությունները, որոնք ունեն լրատվական թողարկումներ կամ քաղաքական թոք-շոուներ։

Ինչ տեղի կունենա, եթե քաղաքական հաղորդումներ ունեցող հեռուստաընկերությունը ֆինանսավորում ստանա արտերկրից

Ալիքին պատժամիջոցների կենթարկի Հաղորդակցությունների հանձնաժողովը։ Օրինագծի համաձայն՝ հեռուստաընկերության ստացած գումարը կփոխանցվի պետական բյուջե։

Ինչպես են պարզելու, որ հեռուստաընկերությունը ֆինանսավորում է ստացել

Վերջին տարիներին, դեռևս արտահայտվելու ազատության դեմ խիստ օրենքների ընդունումից առաջ, հեռարձակողները պարտավոր էին սեփական եկամուտների մասին տեղեկատվությունը տրամադրել Հաղորդակցությունների հանձնաժողովին, ինչից հետո այդ տվյալները հրապարակվում էին։

Հավելյալ՝ հանձնաժողովն իրավունք ունի բանկի միջոցով պահանջելու հեռուստաընկերությանը փոխանցված գումարների մասին տեղեկանքներ։

Արտերկրից ֆինանսավորումը սահմանափակող օրենքը

2025 թվականի ապրիլից հեռուստա- և ռադիոհեռարձակողներին արգելվում է արտասահմանից ֆինանսավորում ստանալ, եթե դա գովազդ կամ հովանավորչական տեղադրում (product placement) չէ։ Սրանով արգելվեց վերազինմանն ուղղված դրամաշնորհների ստացումը և արտասահմանյան ֆինանսավորում ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը։

Ֆինանսական ճգնաժամը կառավարության նկատմամբ քննադատական ալիքներում

Կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված հեռարձակողներն ունեն սուղ եկամուտներ։ Սա փաստում են Հաղորդակցությունների հանձնաժողովի մայիսի 15-ին հրապարակած տվյալները։

Իշխանամետ ալիքների եկամուտները 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին.

  •  Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին ենթարկված «Իմեդի»՝ 10 մլն 829 հազար 42 լարի,
  • «Ռուսթավի 2»՝ 8 մլն 475 հազար 191 լարի,
  • «Պոստիվի» (Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին ենթարկված)՝ 2 մլն 86 հազար 572 լարի։

Իսկ ահա իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված երկու հեռուստաընկությունները միասին ստացել են գրեթե նույնքան գումար, որքան իշխանամետ «Պոստիվի»-ն` միայնակ.

 «TV Պիրվելի»՝ 1 մլն 332 հազար 345 լարի,

 «Ֆորմուլա»՝ 981 հազար 200 լարի։

Վրաստանի խորհրդարանի «Հեռարձակման մասին» օրենքում ընդունած վերջին փոփոխությունները, որոնք արտասահմանյան ֆինանսավորման թույլտվություն են տալիս միայն մասնագիտացված (ժամանցային, մարզային, մշակութային) ալիքներին և արգելում լրատվականներին, փորձագիտական շրջանակներում լուրջ քննադատության և մտահոգությունների տեղիք են տվել։ Մասնագետների վերլուծությունը հանգում է հետևյալ հիմնական կետերին։

Փորձագետները մատնանշում են, որ օրենքի այս փոփոխությունը կրում է խիստ ընտրողական բնույթ: Սա դիտարկվում է ոչ թե որպես մեդիա դաշտի իրական կարգավորում, այլ որպես կոնկրետ մասնավոր բիզնես շահերի և սեփական եկամուտների պաշտպանություն: Ըստ որոշ փորձագետների՝ ոշխանությունն օրենքը հարմարեցնում է իրեն ձեռնտու տնտեսական սուբյեկտներին՝ ստեղծելով արտոնյալ պայմաններ ոչ քաղաքական մեդիա բիզնեսի համար։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին.

«Այս որոշումը ևս մեկ օրինակ է այն բանի, թե որքան ընտրողաբար է իշխանությունը կիրառում օրենքը. նման ֆինանսավորմամբ օտարերկրյա պետությունները կարող են ազատորեն կիրառել փափուկ ուժ, և քարոզչական ալիքները կարող են լինել ոչ միայն լրատվական, այլև ժամանցային կամ մշակութային-ճանաչողական՝ նույնպես հանդիսանալով օտարերկրյա ազդեցության իրականացնողներ։ Դրա համար էլ սա ավելի շատ կապված է մասնավոր շահի առկայության, սեփական եկամուտների ու բիզնեսի հետ, քան իրականում մեդիայի կարգավորման»։

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Հեռարձակման մասին» օրենքում իրականացվելիք փոփոխություններով արգելվել էր օտարերկրյա ուժից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալը, օտարերկրյա ուժի նախաձեռնությամբ հեռարձակողի ծառայությունների գնումը և ծրագրի պատրաստման ու եթեր հեռարձակման ֆինանսավորումը։

«Անթույլատրելի է սոցիալական գովազդի տեղադրման դիմաց հեռարձակողի ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալը։ Արգելվում է օտարերկրյա ուժից ուղղակի կամ անուղղակի հեռարձակողի ֆինանսավորում (դրամական միջոցներ կամ գույքային արժեք ունեցող այլ նյութական բարիք) ստանալը (բացառությամբ կոմերցիոն գովազդի, հեռուստախանութի (տելեշոփինգի), հովանավորչության և ծրագրում արտադրանքի (ապրանքի/ծառայության) տեղադրման)։ Արգելվում են նաև, որ օտարերկրյա ուժը գնի հեռարձակողի ծառայությունը (բացառությամբ կոմերցիոն գովազդի և արտադրանքի տեղադրման) կամ/և ծրագրի պատրաստման կամ/և եթեր հեռարձակման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը»,-ասված է օրենքում։

Փոփոխություններ «Հեռարձակման մասին» օրենքում

Ընդունեցին «Հեռարձակման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները