Առաքման մեքենաների համար BUS գոտում կանգառի նոր կանոններ են սահմանվել

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրամանով` առաքման (դիստրիբուցիոն) տրանսպորտային միջոցների համար ավտոբուսի գոտում կանգառի հատուկ կանոններ են սահմանվել։

Հուլիսի 24-ով թվագրված փաստաթուղթը հատուկ կանոններ է սահմանում մեխանիկական այն տրանսպորտային միջոցների համար, որոնցով իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ապրանքների մատակարարում կամ տեղափոխում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար։

Հրամանի համաձայն՝ համապատասխան անցագիր ունեցող ավտոմեքենաներին ավտոբուսի գոտում (BUS LINE) կանգառի և կայանման իրավունք կտրվի միայն ժամը 01:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ շրջանը հանրային տրանսպորտի շարժման համար այլ ժամանակահատված է սահմանում։

Փաստաթղթի համաձայն՝ նշված իրավունքից օգտվելը հնարավոր կլինի միայն Ներքին գործերի նախարարության տրամադրած հատուկ անցագրի հիման վրա։

Անցագիրը Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տրամադրում է մեկ տարի ժամկետով։

Անցագիր ստանալու համար տնտեսական գործունեություն իրականացնող անձը կամ ապրանք տեղափոխող ընկերությունը պետք է գրավոր դիմի պարեկային ոստիկանությանը և ներկայացնի տրանսպորտային միջոցի մակնիշի և պետհամարանիշի մասին տեղեկատվություն, գրանցման վկայականի պատճենը, Եկամուտների ծառայության տեղեկանքը հարկատուի հիմնական և լրացուցիչ գործունեության մասին, ավտոմեքենայի վրա փակցված լուսանդրադարձնող ստիկերի, նաև տարբերիչ նշանի կամ գունավորման (առկայության դեպքում) լուսանկարները։

Հրամանով սահմանված է, որ ավտոբուսի գոտում (BUS LINE) կանգառի ժամանակ վարորդը պարտավոր է միացրած պահել վթարային ազդանշանը, ավտոմեքենայից առնվազն 15 մետր հեռավորության վրա տեղադրել վթարային կանգառի նշանը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո անմիջապես ազատել գոտին։

Ըստ հրամանի` ապրանք տեղափոխող անձը պետք է կրի լուսանդրադարձնող անվտանգության բաճկոն, իսկ ավտոմեքենայից առնվազն 15 մետր հեռավորության վրա պետք է տեղադրվի նվազագույնը 0,5 մետր բարձրության ճանապարհային նշան՝ նարնջագույն կամ դեղին թարթող լույսով։

Ավտոմեքենայի բեռնախցիկին կամ հետևի դռներին պարտադիր է դառնում նաև լուսանդրադարձնող ստիկերի տեղադրումը։

Փաստաթղթի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը տեղում իրավունք կունենա ստուգելու ավտոբուսի գոտում կանգառի նպատակը, այդ թվում՝ Եկամուտների ծառայության տեղեկատվական բազայում ստուգելու ապրանքի տեղափոխման հետ կապված ապրանքագրի առկայությունը։

Անցագիրը կչեղարկվի տիրոջ պահանջով` ավտոմեքենայի օտարման, կանոնների համակարգված խախտման կամ գործողության ժամկետը լրանալու դեպքում։

Հրամանում նշված է նաև, որ սահմանված պահանջների խախտմամբ ավտոբուսի գոտում (BUS LINE) կանգառի կամ կայանման դեպքում վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։