Վրաստանը պայմանագիր է կնքել «Ջիվինոստատ» դեղամիջոցի ձեռքբերման համար

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի փոխանցմամբ՝ Դյուշենի մկանային դիստրոֆիայի բուժման «Ջիվինոստատ» դեղամիջոցի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր է կնքվել։

Նրա խոսքով՝ Վրաստանը կլինի աշխարհում առաջին երկրներից մեկը, որը կգնի այս դեղամիջոցը։

«Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեղամիջոցի հետ կապված ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր հաջողությամբ ավարտվեցին բանակցությունները իտալական ընկերության հետ, որի հետ կնքվեց «Ջիվինոստատ» դեղամիջոցի ձեռքբերման պայմանագիր։

Այս դեղամիջոցը նախատեսված է Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող բուժառուների համար։ Վրաստանը աշխարհում առաջին երկրներից մեկը կլինի, որը կգնի այս դեղը և կներառի հիվանդության կառավարման պետական ծրագրում»,- ասել է նախարարը։