Ինչպես չկորցնել 100% ուսման գրանտը. նոր կանոններ ուսանողների համար

Վրաստանի պետական համալսարաններում ուսումն ամբողջությամբ կֆինանսավորվի, սակայն երրորդ կիսամյակից` լրիվ դրամաշնորհը (գրանտը) պահպանելու համար, ուսանողները ստիպված կլինեն բավարարել որոշակի պայմաններ։

Տեղեկատվական mshoblebi.ge կայքը, հենվելով կառավարության հաստատած որոշման վրա՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգի և պայմանների վերաբերյալ, գրել է, որ պետությունը համապատասխան կրթական ծրագրերում ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կֆինանսավորի, բայց լրիվ ֆինանսավորման պահպանման համար կան որոշակի պահանջներ։

Որոշումը տարածվելու է այն ուսանողների վրա, որոնք պետական համալսարաններ կընդունվեն 2026-2027 ուսումնական տարվանից։

Կայքի փոխանցմամբ՝ ֆինանսավորումը բաժանվում է երկու մասի․

 Երաշխավորված բազային ֆինանսավորում (50%) — պետությունն ավտոմատ կերպով փոխհատուցում է բոլոր իրավասու ուսանողների ուսման վարձի կեսը։

 Վաստակի վրա հիմնված ֆինանսավորում (մնացած 50%) — այս մասը կախված է ուսանողի առաջադիմությունից։

Առաջին և երկրորդ կիսամյակներում ուսանողի համար այս 50% ֆինանսավորումը նույնպես ավտոմատ կերպով պահպանվում է, սակայն երրորդ կիսամյակից անհրաժեշտ է կատարել նախապայմանը։

«Վաստակի վրա հիմնված պետական ֆինանսավորումն ապահովված է բազային ֆինանսավորման իրավունք ունեցող բոլոր անձանց համար անվերապահորեն միայն ուսուցման առաջին և երկրորդ կիսամյակների համար, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ կիսամյակը ֆինանսավորելու համար համապատասխան անձը պարտավոր է յուրաքանչյուր նախորդ ուսումնական կիսամյակում (որի ընթացքում անձն ունեցել է ակտիվ կարգավիճակ) հավաքել լրիվ կիսամյակային ծանրաբեռնվածության համար (30 ECTS կրեդիտ) նախատեսված կրեդիտների քանակի առնվազն 80%-ը»,- նշված է որոշման մեջ։

Սա նշանակում է, որ երրորդ և հաջորդ կիսամյակներում հավելյալ 50% ֆինանսավորումը պահպանելու համար ուսանողը նախորդ կիսամյակում պետք է հավաքի լրիվ ծանրաբեռնվածության առնվազն 80% կրեդիտները։ Այսինքն՝ այդ կրեդիտներին համապատասխան առարկաները պետք է հանձնի դրական գնահատականով։

Եթե կիսամյակային ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, ուսանողին անհրաժեշտ է հավաքել առնվազն 24 կրեդիտ։

Եթե նա չկարողանա կատարել այս պահանջը, այսինքն՝ չհավաքի 24 կրեդիտը, պետությունը կդադարեցնի վաստակի վրա հիմնված ֆինանսավորումը, և ուսանողը ստիպված կլինի ուսման վարձի մնացած 50%-ը վճարել սեփական միջոցներով։

Ավելի կոնկրետ, եթե ուսանողը չկատարի 80% կրեդիտների պահանջը, 50% երաշխավորված ֆինանսավորումը պահպանվում է․ նա կորցնում է միայն երկրորդ 50%-ը՝ վաստակի վրա հիմնված ֆինանսավորումը։ Օրինակ՝ եթե ուսումն արժե 4000 լարի, 2000 լարին պետությունը կծածկի, իսկ երկրորդ 2000 լարին կախված կլինի ուսանողի կրեդիտներից։

Մեկ առարկայից կտրվելը չի նշանակում ֆինանսավորման կորուստ։ Օրինակ, եթե կիսամյակում ունի 30 կրեդիտ և կտրվել է 5 կրեդիտանոց առարկայից, բայց մյուս առարկաները հանձնել է ու վերցրել 25 կրեդիտ, ապա ուսանողը կատարում է սահմանված պահանջը, քանի որ 25 կրեդիտն ավելին է, քան 24 կրեդիտը (80%), և ֆինանսավորումը պահպանվում է։ Բայց եթե կտրված առարկան մեծ կրեդիտով է, և ընդհանուր առմամբ մնացել է, օրինակ, 23 կրեդիտ, ապա նա այլևս չի բավարարի 80% պահանջը, և երկրորդ 50% ֆինանսավորումը կասեցվելու է»,- գրել է mshoblebi.ge-ն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գործող որոշմամբ ֆինանսավորման վերականգնումը հնարավոր է։

Մասնավորապես, եթե ուսանողը կորցրել է ֆինանսավորումը, կարող է վերականգնել, բայց դրա համար հաջորդ կիսամյակում պետք է հավաքի 100% կրեդիտ։

«Ում վրա չի տարածվի այս պահանջը․ 80% ակադեմիական պահանջը չի տարածվի որոշակի խմբերի վրա, այդ թվում՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անձանց, Կրթության նախարարության համապատասխան ներառական կրթական ծրագրերի շահառուների, խիստ, նշանակալի կամ չափավոր արտահայտված հաշմանդամություն ունեցող անձանց վրա։

Ֆինանսավորումը կշարունակվի ծրագրի ստանդարտ տևողության ընթացքում․ 4-ամյա բակալավրիատ՝ առավելագույնը 8 կիսամյակ, 3-ամյա բակալավրիատ՝ առավելագույնը 6 կիսամյակ, բժշկություն՝ առավելագույնը 12 կիսամյակ, մագիստրատուրա՝ ծրագրի տևողությանը համապատասխան»,- կարդում ենք mshoblebi.ge-ում։

Կրթական ծրագրերի արժեքը տարբերվում է ըստ ուսումնառության ոլորտի։