Իրակլի Կոբախիձե․ Թաիլանդական CP Group-ը մեծ հետաքրքրություն ունի Վրաստանի ռազմավարական նախագծերի նկատմամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ թաիլանդական CP Group հոլդինգը «շատ մեծ հետաքրքրություն» ունի Վրաստանի և երկրի ռազմավարական նախագծերի նկատմամբ։ Այս մասին նա խոսել է BM.GE-ի հարցերին ի պատասխան։

Լրագրողը վարչապետին հարցրել է մի քանի օր առաջ կայացած հանդիպման մասին, որի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերը քննարկել են Անակլիայի նավահանգստի, Վազիանիի օդանավակայանի և էներգետիկ նախագծերը։ Հարցին, թե արդյոք թաիլանդական հոլդինգը հետաքրքրված է այս նախագծերով և պայմանավորվել են արդյոք որևէ կոնկրետ բանի շուրջ, Կոբախիձեն հայտարարել է, որ ընկերության անունից խոսելը սխալ կլինի, սակայն հետաքրքրությունը մեծ է։

«Նրանց փոխարեն սխալ կլինի, որ ես խոսեմ, սակայն ընդհանուր առմամբ մենք զրուցել ենք այս նախագծերի մասին։ Նրանք ընդհանուր առմամբ շատ մեծ հետաքրքրություն ունեն Վրաստանի, այդ թվում՝ մեր ռազմավարական նախագծերի նկատմամբ։ Հետևաբար, հույս եմ հայտնում, որ նրանց հետ ևս սերտ համագործակցություն կհաստատվի», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Բացի այդ, վարչապետը նշել է, որ Անակլիայի նավահանգստով հետաքրքրված են բազմաթիվ ներդրողներ և պետություններ, իսկ գործընթացները ընթանում են բաց և մրցույթի ճանապարհով։