Անչափահասին ամուսնանալ ստիպելու համար ձերբակալել են հորը

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով՝ ձերբակալ են հորը։

ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։

«Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև դատավարական գործողություններ և նույն օրը՝ որպես մեղադրյալ  ձերբակալել են Ա.Գ.-ին։

Աղջկան այս պահին տեղափոխում են ապաստարան, իսկ նրա ընտանիքի մյուս անդամների նկատմամբ նախազգուշացում է կիրառվել»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախաքննությունը շարունակվում է ընտանիքի անդամի կողմից անչափահասի հարկադիր ամուսնության փաստով։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 2-4 տարվա ազատազրկում։