Ազգային ոչ մի խնդիր չկա. թորիացիները ծեծկռտուքի մասին

«Խնդիրը մեր արտերը արածացնելն էր. ոչ մի ազգային խնդիր չկա», — այսպես են մեկնաբանում Ջավախքի Թորիա գյուղի բնակիչները օգոստոսի 23-ին տեղի ունեցած միջադեպը:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Թորիա գյուղի 30-ամյա բնակիչը պատմում է տեղի ունեցածը՝ նշելով, որ խնդիրը այս տարի խոտի պակասն է:

«Հողերից, որտեղ մենք հունձ էինք անում, երեք տարուց ավել է, ինչ Թորիա գյուղի բնակիչները օգտվում են: Դա մեր հիմնական հնձի արտն է: Եվ ամեն տարի էլ էս սեզոնին Գարդաբանիից կամ այլ շրջանից ոչխարի հոտ են բերում մեր տարածքում արածացնելու, դե բնականաբար արտերը հնձելուց հետո», — պատմում է Թորիայի բնակիչը:

Թորիացիների խոսքով՝ այս տարի ոչխարի հոտը քշել են չհնձած արտի մեջ, և ինչպես «Ալիք մեդիային» նախկինում պատմել էին, հունձ անողները երեխաներին (15 տարեկան) ուղարկել էին զգուշացնելու, որ հոտը հանեն արտից: Հովիվներից մեկը հարվածել է երեխաներին, ինչից հետո խնդրին խառնվել է երեխաներից մեկի հայրը: Քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի:

«Ով էլ լիներ, այդպես էր լինելու», — ասում են թորիացիները, — «այստեղ ազգության խնդիր չկա, թե նա ադրբեջանցի կամ այլ ազգի է, իսկ ես հայ: Դա կարող էր լիներ մեր հարևան գյուղացին կամ էլ այլ տարածքից: Մեր կռիվը արտի համար է եղել, որ սպասեն հնձենք և նոր արածացնեն: Ախր, այս տարի խոտն էլ քիչ է, իսկ գյուղացին դրանով է ապրում»:

Նշենք նաև, որ Վրաստանի եւ Հայաստանի որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Թորիա գյուղի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին, տեղեկություն են տարածել, թե «ադրբեջանցիները ծեծել են հայերին» և որ վեճը եղել է ազգային հողի վրա:

Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ նյութում՝

Թորիացիները պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին. ի՞նչն է դարձել ծեծկռտուքի առիթ