Բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի դեմ դեղահաբերի ձեռքբերման ուղղությամբ. Տիկարաձե

Վրաստանի Առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն հաստատում է, որ բանակցություններ են ընթանում ընկերությունների հետ՝ կորոնավիրուսի դեմ դեղահաբեր ներմուծելու համար։ 

Ինչպես Տիկարաձեն է ասել՝ սպասվում է, որ բանակցությունների արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ։ 

«Նման բանակցությունների դեպքում, սովորաբար, գաղտնիություն պետք է պահպանել։ Որոշ բանակցություններ են ընթանում այժմ և հաջորդ շաբաթ, երբ մենք կունենանք ընկերությունների համաձայնությունը`  բանակցությունների մանրամասները հրապարակելու համար,  հայտարարություն կանենք»,- ասել է Տիկարաձեն։ 

Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել է Covid 19-ի դեմ՝ Pfizer-ի կողմից մշակված դեղամիջոց` 12 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն  հիվանդության ծանր ընթացքի ռիսկ։  Կլինիկական փորձարկումների արդյունքների համաձայն՝ «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոցը 89%-ով արդյունավետ է հիվանդության ծանր ընթացք ունեցող հիվանդների հոսպիտալացումը և մահը կանխելու համար: «Pfizer» ընկերությունում նշում են, որ լաբորատոր հետազոտության վերջին արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր արդյունավետությունը կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի դեմ։ 

Նշենք նաև, որ Միացյալ Նահանգները պայմանագիր ունի դեղորայքի 10 միլիոն ամբողջական կուրսի համար։ Մեկ կուրսի արժեքը՝ 530 ԱՄՆ դոլար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր