Հանդիպել են Վրաստանի վարչապետն ու ՀՀ նախագահը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Տեղեկացնում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:

Կառավարությունում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների հարցերը։

Հանդիպմանը քննարկվել են աշխարհում և տարածաշրջանում անվտանգության հարցեր։ Քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ոլորտներում համագործակցություն։

Նշվել է, որ Վրաստանը մշտապես հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, համակեցության օգտին և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին խաղաղության երկխոսության գործընթացում ներդրած ավանդի համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության և սևծովյան անվտանգության ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Քննարկվել է առևտրի ոլորտում համագործակցությունը։

Նշվել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 170,49 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12%-ով։ Ընդգծվել է, որ Հայաստանն ու Վրաստանն էլ ավելի մեծ հնարավորություններ ունեն ապրանքաշրջանառությունն ավելացնելու համար։