Կանանց ներգրավվածությունը սեփականության գրանցման գործում. Մարիամ Մդիվանի

Ներկայացնում ենք «Ֆրեյա միության» կանանց քարոզարշավի շրջանակներում People in Need միջազգային կազմակերպության և ԵՄ-Չեխիայի զարգացման գործակալության «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի աջակցությամբ պատրաստված հոդվածների շարք։ «Ալիք մեդիան» ծրագրի մեդիա-գործընկերն է:

Մարիամ Մդիվանին պրոֆեսիոնալ իրավաբան է: Ունի հասարակական և պետական ոլորտում աշխատելու երկարամյա փորձ։ 2016 թվականից աշխատում է Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում, միաժամանակ ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերացման և լուծման գործում։

Հանրային ռեգիստրի պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կանայք գույքի գրանցման առումով գրեթե բոլոր շրջաններում զիջում են տղամարդկանց։ Որոշ համայնքներում այս ցուցանիշը կարելի է նույնիսկ կրիտիկական անվանել։ Ի՞նչ եք կարծում, ինչով է պայմանավորված տվյալների նման բաշխվածությունը:

Ցավոք սրտի, ճիշտ է, որ Վրաստանի որոշ շրջաններում կանանց ներգրավվածությունը սեփականության գրանցման գործում չափազանց ցածր է: (Պաշտոնական տվյալներ Ֆրեյայից. Վրաստանի պետական ​​ռեգիստրում գրանցված գույքից կանայք գույքի գրանցման առումով զիջում են տղամարդկանց գրեթե բոլոր շրջաններում։ Բոլնիսի — 29.0%, Դմանիսի — 34.0%, Դեդոպլիստսկարո — 34.1%, Մառնեուլի — 35.6%, Տիանեթի — 35.6%, Դուշեթի — 36.3%, Գուրջաանի — 37.4%, Օնի — 38.5%, Լագոդեխի — 39.8%, Սագարեջո — 39.8%): Անհավասարակշռության պատճառների թվում նշվում է տեղեկատվության պակասը, ինչպես սեփականության, այնպես էլ ընդհանրապես մարդու իրավունքների վերաբերյալ։

Մեծ գործոնը արատավոր ավանդական հայացքներն են, քանի որ կանայք հաճախ կարծում են, որ գույքի սեփականատերերը պետք է տղամարդիկ լինեն և հրաժարվեն՝ իրենց բաժինը հօգուտ տղամարդ հարազատների վրա գրանցելով: Ուշագրավ է նաև հարկադրանքը, որն ավելի քիչ է տարածված, քան առաջին երկուսը, թեև դեռևս կան առանձին դեպքեր, երբ հոգեբանական կամ ֆինանսական ճնշումը կնոջը ստիպում է հրաժարվել իր ունեցվածքից։

Ինչպիսի՞ն է այսօր իրականությունը Վրաստանում կանանց սեփականության իրավունքների պաշտպանության առումով։

Վրաստանի օրենսդրությունը խտրական չէ սեփականության հետ կապված հարցերում։ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը նաև տարբեր ծրագրեր է իրականացնում խոցելի խմբերի սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Այնուամենայնիվ, խնդիրներն ակնհայտ են, քանի որ բնակչության մի ստվար զանգված օրենսդրության փոխարեն առաջնորդվում է ավանդույթներով ու սովորույթներով։ Խնդրի վրա աշխատելիս նախ պետք է կանանց տրամադրել ճիշտ տեղեկատվություն. նրանք պարզապես չգիտեն իրենց սեփականության իրավունքի մասին:

Նյութի բովանդակությունը բացառապես «Ֆրեյա միության» պատասխանատվությունն է, և այն կարող է չարտացոլել դոնորի և «Ալիք մեդիայի» տեսակետները: