ՆԳՆ-ն այսօր նախատեսված ցույցի կապակցությամբ հայտարարություն է տարածում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է, որ այսօր ժամը 20:00-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախատեսված բողոքի ցույցի կապակցությամբ մայրաքաղաքում կմոբիլիզացվեն ՆԳՆ աշխատակիցները՝ հասարակական կարգը պահպանելու և «արհեստական ​​էսկալացիայից» խուսափելու համար։ 

Ըստ ՆԳՆ-ի, օրենքի ցանկացած խախտում ոստիկանության կողմից անհապաղ կկասեցվի, և կհետևի համապատասխան իրավական արձագանք։ 

«Ներքին գործերի նախարարությունը պաշտպանում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնելու մեր քաղաքացիների իրավունքը։ Միաժամանակ նշենք, որ հավաքների մասին Վրաստանի օրենքի համաձայն՝ արգելվում է վարչական մարմինների արգելափակումն ու դրանց գործունեությունը կասեցնելը։ 

Հանրահավաքների ժամանակ ՆԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին և քաղաքական առաջնորդներին պահպանել Վրաստանի Սահմանադրությունը, հարգել ոստիկանների մասնագիտական ​​գործունեությունը, դուրս չգալ խաղաղ հավաքների օրենքի սահմաններից, ենթարկվել ոստիկանության պահանջներին և պահպանել հասարակական կարգը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ երեկ ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան ասել էր, որ եթե կառավարությունը 24 ժամվա ընթացքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա չտեղափոխի, բողոքի ակցիաներ կանցկացնեն նոյեմբերի 8-ից։ 

Մելիայի խոսքով, այսօր ժամը 20:00-ին ընդդիմությունը հերթական բողոքի ցույցն է անցկացնելու Ազատության հրապարակում։ 

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով վրացական երկու դատարանների կողմից մեղավոր է ճանաչվել, մի քանի այլ գործերով մեղադրանք է առաջադրվել, հայրենիք է վերադարձել տեղական ինքնակառավարման ընտրություններից մի քանի օր առաջ։  

Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում։ Նախկին նախագահն իրեն քաղբանտարկյալ է համարում և ձերբակալությունից հետո հացադուլ է սկսել։ 

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ միակ հաստատությունը, որտեղ անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն Միխեիլ Սաակաշվիլիին, կլինի բանտային հիվանդանոցը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր