Օգոստոսյան պատերազմից անցել է 12 տարի

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 12-րդ տարին:

2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ,  վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը:

Ցխինվալիի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, ինչի համար կողմերը իրար էին մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալիի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի առաջին օրերից Ռոկիի թունելի մոտակայքում մոբիլիզացված էին ռուսական 58-րդ բանակի ուժերը: Օգոստոսի 8-ից ինտենսիվ մարտեր սկսվեցին Վրաստանի զինված ուժերի և ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների միջև:

Հաջորդ օրերին ռուսական ավիացիան ռմբակոծեց Վազիանիի և Սենակիի ռազմաբազաները, Մառնեուլիի ռազմական օդանավակայանը, Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը և Կոդորի կիրճը:

Օգոստոսի 11-12-ին,  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Միխեիլ Սաակաշվիլին  Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրում:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են: