Օպերատորին ծեծելու մեջ մեղադրվող անձը կմնա կալանքի տակ

Դավիթ Քութալաձեն, որը մեղադրվում է TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ, կմնա կալանքի տակ:

Որոշումը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից:

Ավելի վաղ  Քութալաձեին մեղադրանք էր առաջադրվել Լաշքարավայի նկատմամբ բռնության և հետապնդման  մեջ` լրագրողական գործունեության համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում Tbilisi Pride-ին դեմ հանդես եկող ծայրահեղական  ​​խմբավորումները հարձակվել էին լրագրողների վրա: 55 մարդ դարձել է բռնության զոհ` այդ թվում ` ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ:

Հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավան ֆիզիկական բռնության է ենթարկվել: Մի քանի օր նա բուժվում էր «New Hospials» կլինիկայում, ապա դուրս էր գրվել, 2 օր առաջ նրան սեփական տանը մահացած էին գտել:

Դատախազությունն առաջ է քաշել թմրանյութերի գերդոզավորման վարկածը, կադրեր են հրապարակվել մահվանից մեկ օր առաջ օպերատորի շարժից` քաղաքի տարբեր հատվածներում: Ընտանիքը վստահեցնում է, որ մինչ հուլիսի 5-ի բռնությունը երիտասարդը բացարձակ առողջ է եղել: Հարազատների պահանջով գործում ներգրավվել է անկախ փորձագետ:

Նախօրեին Լաշքարավայի հուղարկավորությունն էր, գործընկերները երիտասարդ օպերատորին վերջին հրաժեշտն են տվել` տեսախցիկների ուղեկցությամբ  ու ծափահարություններով: