Սաակաշվիլիի վերադարձն ու հետևանքները. Վրաստանի կարևոր քաղաքական իրադարձության մասին

Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում բուռն քննարկումների առիթ է դարձել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձն ու նրան ազատ արձակելու պահանջով կազմակերպված բազմահազարանոց ակցիան։

Սաակաշվիլիի այցի նպատակների մասին շատ է խոսվում, այս թեմայի շուրջ տարբեր քննարկումներ են ծավալվում.

«Իմ կարծիքով գլխավոր նպատակն այն է, որ նա վրացական քաղաքականության մեջ մնա որպես կարևոր գործոն, և որպեսզի «Վրացական երազանքի» հետ «կռիվը» տեղափոխվի նոր էտապ», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է քաղագետ Զազա Աբաշիձեն:

Ըստ քաղաքագետի, հոկտեմբերի 14-ին՝ ի աջակցություն երրորդ նախագահի և նրա ազատման պահանջով անցկացված ցույցը նախ և առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության աջակիցների համար էմոցիոնալ մասի ապահովումն էր, և ի վերջո, ինչպես նշում է Աբաշիձեն, Վրաստանում բազմահազարանոց ցույցերը միշտ կարևոր դեր են ունեցել:

«Սա մի կողմից ցույց տվեց ՄԱՇ-ի ուժը, մյուս կողմից՝ «Վրացական երազանքին» ապացուցեց, թե ինչ քանկությամբ աջակից ունի երրորդ նախագահը: ՄԱՇ-ի համար սա թե՛  հոգեբանական, թե՛ պրակտիկ տեսանկյունից մեծ պլյուս բերող ակցիա էր», — ասում է Զազա Աբաշիձեն:

Խոսելով մասնակիցների թվի և դրանց ազդեցությունը ՄԱՇ-ի ռեյտինգի մասին, քաղաքագետն ասում է, որ իր կարծիքով այս ակցիան իր մարդկային քանակից ելնելով՝ դրական կազդի ՄԱՇ-ի քաղաքակնության վրա։

Հարկ է նշել, որ այսպես չեն կարծում հակառակ կողմի ներկայացուցիչները: Այն ժամանակ, երբ ընդդիմության հեռուստաալիքներն ու մեդիաները գրում են, որ հոկտեմբերի 14-ի ցույցին ներկա է եղել 40-50 հազար մասնակից, իշխող կուսակցության ներկայացուցիչները խոսում են 15-20 հազար մասնակցի մասին: Կարելի է ասել, որ որևէ օբյեկտիվ հաշվարկ այդպես էլ չեղավ և ցույցի մասնակիցների հստակ թիվ չհրապարակվեց:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում կվերադառնա  Վրաստան: Իսկ ավելի ուշ հայտարարեց, որ խոստման համաձայն՝ կվերադառնա, բայց ժողովուրդը պետք է օգնի:

Սակայն իրավիճակը փոխվեց հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրություններից առաջ, երբ Սաակաշվիլին համացանցում հրապարակեց Կիև-Թբիլիսի տոմսի լուսանկարը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց,որ Սաակաշվիլիի ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:

Անտեսելով վարչապետի՝ «գրկաբաց» սպասելու հայտարարությունը,Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին Վրաստանից ողջունեց իր հետևորդներին՝ ֆեսբուքյան էջում գրելով՝ «Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց՝ արդեն Վրաստանից»:

Սա կարծես կայծ հանդիսացավ Վրաստանում նախկին ընտրություններից հետո հազիվ հանդարտված քաղաքական լարված իրավիճակին զարկ տալու համար:

Սաակաշվիլին հայտարարեց, որ ինքը Բաթումիում է: Ներքին գործերի նախարարությունը հերքեց Սաակաշվիլիի Վրաստանում լինելու լուրն ու հայտարարեց, որ նա չի լքել Ուկրաինան ու չի հատել Վրաստանի սահմանը:

«Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, Սաակաշվիլիի տեսագրությունը Վրաստանում չէ արված, սա այն է, ինչ կարող եմ վստահորեն ասել», — լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Սաակաշվիլիին անվանելով «ծաղրածու»:

Արդեն հիկտեմբերի 1-ի երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:

Ավելի ուշ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու կադրերը:

Չուշացավ ԱՄՆ-ի արձագանքը: ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին՝ հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ապահովել, որ Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների և Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն էլ հայտարարեց, որ Ուկրաինան խնդրում է Վրաստանին՝ Ուկրաինայի հյուպատոսին թույլ տալ հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու համար:

Սաակաշվիլիին հացադուլ հայտարարեց, որի հետևանքով, ըստ նրա փաստաբանի՝ առողջական վիճակը վատթարացել է: Այդուհանդերձ, Սաակաշվիլին հայտարարեց հոկտեմբերի 14-ին զանգվածային հանրահավաքի մասին՝ համախոհներին հորդորելով դուրս գալ փողոց՝ հանուն ազատության և արդարության:

Հեղինակ՝ Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր