Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհվել է Մարկ Պալմերի մրցանակ

Սկզբունքային առաջնորդության և Վրաստանի ժողովրդավարական ու եվրոպական ապագային հավատարմության համար Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհվել է Մարկ Պալմերի մրցանակ։

Սա պարգև է, որը գնահատում է դիվանագետների և կառավարության պաշտոնյաների բացառիկ ձեռքբերումները ժողովրդավարության պաշտպանության գործում։

Վաշինգտոնում կայացած միջոցառման իր ելույթում Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պարգևը միայն իրեն չի պատկանում, և այդ մրցանակին արժանի են Վրաստանում անկախության պաշտպանության համար պայքարողները։

Զուրաբիշվիլին երկրում ընթացող գործընթացների մասին ասել է, դա այլևս սոսկ ժողովրդավարական հետընթաց չէ. այլ լավ կազմակերպված ռուսական մոդելի մաս է։

«Այս պարգևը միայն ինձ չի պատկանում, և այս մրցանակին արժանի են նաև այն մարդիկ, ովքեր Վրաստանում պայքարում են ժողովրդավարության ու անկախության պաշտպանության համար։

Դրանք խղճի բանտարկյալներն են, որ արդեն 18 ամիս լիովին անհիմն նստած են բանտում միայն այն պատճառով, որ բարձրաձայնել և հավատարմորեն պաշտպանել են Վրաստանի ուղին ու նրա անկախությունը։

Երկրում ընթացող գործընթացներն այլևս չեն կարող համարվել սոսկ ժողովրդավարական հետընթաց։ Սա ժողովրդավարության ոչնչացումն է։ Սա լավ կազմակերպված ռուսական մոդելի մի մասն է։ Իսկ Վրաստանում գործող բոլոր ռեպրեսիվ օրենքները ռուսական օրենքների պատճեններն են։

Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարևոր է նաև Միացյալ Նահանգների համար, քանի որ լիովին անհասկանալի և Մոսկվայի համար սխալ ազդակ կլինի, եթե Ռուսաստանին այսքան հեշտությամբ հնարավորություն տրվի վերադառնալ Կովկաս։

Վրաստանն արժանի է ավելի մեծ ուշադրության, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է այստեղ, կարող է կրկնվել նաև այլուր»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։