Սամխարաձեն խնդրել է Եվրամիությանը՝ «Հարավային Օսիա» տերմինը կիրառումից հանել

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով «Հարավային Օսիա» տերմինը կիրառությունից հանել։ Այդ մասին Սամխարաձեն հայտարարել է այսօր՝ փետրվարի 3-ին հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Սվեն Միքսերը։

Սամխարաձեի խոսքով՝ «Հարավային Օսիան» ստալինյան ժամանակաշրջանի տերմին է, որը չի ճանաչվում Վրաստանի Սահմանադրությամբ։ Ըստ Սամխարաձեի՝ «Հարավային Օսիա» տերմինը պետք է փոխարինվի «Ցխինվալիի շրջան» տերմինով։

«Դուք և, ընդհանրապես, Արևմուտքը, պայքարում եք ստալինյան հռետորաբանության դեմ, սակայն ձեր բոլոր փաստաթղթերում օգտագործում եք «Հարավային Օսիա» տերմինը, որը ստալինյան ժամանակաշրջանի տերմին է։ Նախկինում նման բան չի եղել։ Հետևաբար, իմ խնդրանքն ու կոչն է՝ միասին քննարկել, թե ինչպես կարող ենք այս տերմինն ընդհանրապես հեռացնել ձեր պաշտոնական փաստաթղթերից»,- ասել է Սամխարաձեն։

Նշենք, որ Սամխարաձեի հետ համաձայնել են նաև «Լելո» և «Ռազմավարությունը Շինարար» կուսակցությունների ներկայացուցիչները:

Եվրոպացի պատգամավորը դիտողությունը կարևորել է և նշել, որ «հաշվի կառնեն»։