Սուլդայի ջրի խնդրի հետքերով

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում դեռևս չի լուծվել խմելու ջրի խնդիրը, ավելին՝ հիմա գյուղը նույնիսկ պահեստային ջուր չունի։ Գյուղի բնակիչները «Ալիք Մեդիային» հայտնել են, որ ջրավազանը սառցակալել է, և բնակիչներն ստիպված են ջուր բերել հարևան գյուղերից։

Չմոռանանք, որ Սուլդա գյուղի ջրի հարցը վաղուց է անհանգստացնում գյուղացիներին։ Ջրի բացակայությունը դժվարություններ է ստեղծում ոչ միայն կանանց, նաև տղամարդկանց համար։ «Ջուրը խիստ կարևոր է գյուղատնտեսական աշխատանքների համար, կենցաղի և ի վերջո` բարեկեցիկ կյանք վարելու համար», — ասում է գյուղացիներից մեկը։

Մեկ այլ բնակիչ պատմում է, որ երբեմն որոշ կենցաղային գործերի, նաև անասունների կարիքների համար օգտագործվում է «ժոլուբից» եկող ջուրը։

«Ովքեր ունեն հնարավորություն, անձնական ավտոմեքենա, վերցնում են համապատասխան տարաներ և գնում ուրիշ տեղերից ջուր բերելու՝ Ախալաքալաքից, Վաչիանից, Կարծախից, Նինոծմինդայից և այլն։ Իսկ ովքեր չունեն, ջուրը հավաքում են մեծ ցիստեռնների մեջ և երկար ժամանակ օգտագործում այդ ջուրը, վերջանալու դեպքում էլ ստիպված գումար են վճարում այն մարդկանց, ովքեր մեքենա ունեն, որ իրենց համար էլ ջուր բերեն»,- մանրամասնում է բնակիչը և հավելում, որ ամենաշատը ջրի խնդիրը դժվարություն է ստեղծում ծերերի համար, կանանց համար, քանի որ տնային գործերն անել առանց ջրի` անպատկերացնելի է։

Այս հարցով «Ալիք Մեդիան» դիմեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին։ Քաղաքապետը նշեց, որ Սուլդա գյուղի ջրի հետ կապված էլեկտրոնային  մրցույթն արդեն հայտարարված է, անցած տարի աշխատանքները սկսել են, այս տարի կավարտեն, և 1 միլիոն 200 հազար լարի արժողությամբ մրցույթի հաղթողն արդեն հայտնի է, ու ըստ եղանակային պայմանների` ինչ հնարավոր է, արվում է։

Էլեկտրոնային մրցույթների կայքից տեղեկանում ենք, որ 2022 թվականի համար Սուլդա գյուղի ջրի խնդիրը լուծելու համար հատկացվել է 257 հազար 400 լարի, իսկ 2023 թվականի համար  1 միլիոն 33 հազար 795 լարի։

Մանրամասները ճշտելու նպատակով զրուցեցինք նաև Սուլդա գյուղի գյուղապետ Զարզանդ Կուջոյանի հետ։

«Անցած տարի հողի հետ կապված աշխատանքները կատարվել են, այս փուլում եղանակները պիտի լավանան, որպեսզի անցնենք ջուրը քաշելու գործընթացին։ Նախագիծը նախատեսված էր իրականացնել 2022-2023 թվականներին, հետևաբար` այս տարի կավարտենք, և խնդիրը վերջնականապես կլուծվի», — հավաստիացրեց գյուղապետը։