Վրաստանը ներդրումների համար բարենպաստ միջավայր է. Bloomberg

Bloomberg միջազգային ազդեցիկ պարբերականն «Ինչպես Վրաստանը կարողացավ հաղթահարել համաշխարհային տնտեսական անկման միտումները» վերնագրով հոդված է հրապարակել Վրաստանի տնտեսական հաջողությունների և ներդրումային դրական միջավայրի մասին: Այս տեղեկությունը տարածել է «Արտադրիր Վրաստան»-ը։

Ըստ Bloomberg-ի՝ ներդրողները Վրաստանում մեծ աջակցություն են ստանում։ Տեղեկության համաձայն, Վրաստանում 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները գերազանցել են պատմական առավելագույնը՝ 2 միլիարդ դոլարը. 2021 թվականի համեմատ գրանցվել է 61 տոկոս աճ։

«2022 թվականին ամենախոշոր ներդրող երկրներն էին Մեծ Բրիտանիան, Իսպանիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները, Իռլանդիան և Չինաստանը։ Իսպանական Aqualia-ն, որը Եվրոպայում երրորդ խոշոր մասնավոր ջրամատակարար ընկերությունն է, ներդրումներ է կատարել Վրաստանի ջրամատակարարման ոլորտում, ինչը պայմանավորված էր երկրի բարենպաստ կարգավորող դաշտով»,- գրել է Bloomberg-ը։

Հոդվածում նշվում է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Վրաստանը եզակի հնարավորություն ունի իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հանդես գալու որպես դարպաս Արևելքի և Արևմուտքի միջև։

«Գնաճը, բարձր տոկոսադրույքները և շարունակվող հակամարտությունները մարտահրավեր են աշխարհի տնտեսությունների համար: Սակայն ամուր տնտեսական ցուցանիշներով և ներդրողների ներգրավվածությամբ Վրաստանը լավ հնարավորություն ունի կայանալու որպես համաշխարհային բիզնես կենտրոն»,- նշված է հոդվածում: