Վրաստանի ազգային քննությունների ծրագրում կավելանա իտալերենը

Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ հաջորդ տարվանից Միասնական ազգային քննությունների ընտրովի առարկաներին կավելանա նաև իտալերենը։

Նախարարը խոսել է հանրակրթության բարեփոխումների շրջանակում սպասվող նորույթների մասին։ Նրա խոսքով՝ ավարտական դասարաններում նախատեսվում է ներդնել «ռեպետիտորիումի» մոտեցումը, որը հիմնված կլինի աշակերտի հետաքրքրությունների և մասնագիտական ընտրության վրա։

«Մոտ ապագայում աշխատանքներ ենք սկսում այն նորույթի ուղղությամբ, որը կներդրվի հաջորդ տարվանից, դա «ռեպետիտորիումն» է։ Ավարտական դասարաններում երիտասարդներին առաջարկում ենք ընտրել 3 կամ 4 առարկա, որոնք պետք է հանձնեն ազգային քննությունների ընթացքում։ Պետք է ընտրենք մանկավարժներին, համապատասխանաբար վերապատրաստենք, մեկ տարվա ընթացքում բոլոր առարկաներից դասագրքեր պատրաստենք»,- նշել է կրթության նախարարը։

Նաև, նախարարի խոսքով, նախարարությունը սկսել է աշխատել միասնական օրինագծի՝ «Կրթության և գիտության մասին» օրենքի վրա, որը պետք է փոխարինի 7 օրենքի։

Նախարարի պարզաբանմամբ՝ այդ օրինագծում բազմաթիվ փոփոխություններ են լինելու, դրանց թվում՝ ասպիրանտուրայի (երրորդ աստիճանի) հետ կապված։

«Սկսել ենք աշխատել միասնական օրինագծի վրա․ դա կլինի «Կրթության և գիտության մասին» օրենքը, որը պետք է փոխարինի 7 օրենքի։ Մենք նպատակ ունենք գարնանային նստաշրջանին ներկայացնել նախաձեռնությունը։ Այնտեղ շատ փոփոխություններ են սպասվում, որոնցից մեկն էլ` ասպիրանտուրային առնչվող։

Երրորդ աստիճանի հետ կապված՝ հնարավոր է մինչև տարեվերջ արդեն ներկայացնենք մեր պատկերացումները, որոնք կքննարկենք ակադեմիական համայնքի հետ, կհամաձայնեցնենք դիրքորոշումները և դրանից հետո ընթացք կտանք»,- ասել է Գիվի Միքանաձեն իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում։