«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի». Ստրասբուրգի դատարանը 4-րդ վեճն է վարույթ ընդունել

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով միջպետական ​​հայցը։ Սա Վրաստանի և Ռուսաստանի միջև 4-րդ վեճն է Ստրասբուրգում։

Ըստ դատարանի տարածած հաղորդագրության, գործն առնչվում է Վրաստանի վերահսկվող տարածքում և չվերահսկվող Աբխազիայի ու Հարավային Օսիայի շփման գծում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը։

Բողոքը, մասնավորապես, վերաբերում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի բնակչության զանգվածային ոտնձգությունների, ձերբակալությունների, հարձակումների և սպանությունների վարչական պրակտիկային, որը կրիտիկական կետի հասավ 2018 թվականի փետրվարին, երբ սպանվեց Արչիլ Տատունաշվիլին։

Ինչպես գրված է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է բողոքի ուղարկման ժամանակ, Վրաստանը պահանջում է, որպեսզի Եվրոպական դատարանը սահմանի Ռուսաստանի պատասխանատվությունը Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ խախտելու համար։

Նախարարությունը նշել է, որ այդ խախտումներն ունեն խտրական դրդապատճառ և ուղղված են էթնիկ վրացիներին հետագա ոտնձգություններին, որպեսզի կանխեն վրացի բնակչության վերադարձը Աբխազիա և Հարավային Օսիայի շրջան, ինչը, ըստ արդարադատության նախարարության՝ խախտում է 14-րդ հոդվածը (խտրականության արգելում) և կոնվենցիայի 18-րդ հոդվածը (իրավունքներ):

Ստրասբուրգի դատարանի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Վրաստանի կառավարությունը դատարանին խնդրել է Դավիթ Բաշարուլիի, Գիգա Օխթոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի գործերն օգտագործել ոչ միայն որպես վերը նշված վարչական իրավախախտումների օրինակ, այլ դրանք դիտարկել որպես Կոնվենցիայի անհատական ​​խախտումներ: