Վրաստանում հացի թանկացում չի սպասվում

Վրաստան ներմուծվող ալյուրի վրա հարկի սահմանումը դրական է գործել, և ոլորտում կայունություն է նկատվում, BusinessMediaGeorgia լրատվականի փոխանցմամբ՝ ասել է ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։

Ըստ նրա՝ հենց դրա պատճառով է, որ այսօր հացի գինը կայուն է, և հացի գնի բարձրացում չի սպասվում։

«Հրամանագիրը լրջորեն աշխատեց և այսօր շուկայում կայունացում կա։ Ուստի հրամանագրի երկարաձգումը շարունակում է այս կայուն իրավիճակը, այդ թվում՝ ֆերմերների համար հունիսյան բերքի մատակարարման, ալրաղացների կայուն գործունեության և հացի գնի համար»,- աաել է Սիլագավան։

Ի դեպ, անցյալ տարի ալյուր արտադրողների ասոցիացիան և տեղական հացահատիկային ֆերմերները պահանջում էին Վրաստանում ներմուծվող ալյուրի վրա հարկ սահմանել։ Նրանք որպես պատճառ նշել են ցորենի վրա Ռուսաստանի սահմանած մաքսային հարկը, որը, ըստ նրանց՝ ստեղծել է մրցակցության անհավասար պայմաններ։

Նրանց խնդրանքից հետո, կառավարության որոշմամբ, ալյուրի ներմուծման հարկը ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսից և կազմել է 50 լարի մեկ տոննայի համար։ Հետագայում՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, այս հարկը հասցվել է 250 լարիի։ Հարկը պետք է գործեր մինչև 2024 թվականի մարտի 1-ը, սակայն երեկ հայտարարվեց, որ ներմուծման հարկը երկարացվելու է մինչև սեպտեմբերի 1-ը։ Բացի ալյուրից, ներմուծման հարկը գործում է նաև գարու և թեփի վրա, որոնց գինը մեկ տոննայի համար կազմում է 100 լարի։