ԵՄ-ն 12,75 մլն եվրո է հատկացնում Վրաստանի ԶՈւ-ին

Եվրամիությունը «խաղաղության եվրոպական գործիք»-ի (EPF) շրջանակներում հավանություն է տվել Վրաստանի զինված ուժերին ֆինանսական աջակցություն տրամադրելուն: Վրաստանի պաշտպանության նախարարությունը կստանա բժշկական և ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև քաղաքացիական շարժունակության միջոցներ։

Եվրոպական խորհրդի աջակցության փաթեթը կազմում է 12,75 մլն եվրո և նախատեսված է 36 ամսվա համար։ Տրամադրվելիք աջակցության նպատակն է երեք տարվա ընթացքում հզորացնել երկրի ռազմական և պաշտպանական կարողությունները, որոնք կնպաստեն Վրաստանի ակտիվ համագործակցությանը «Եվրամիության հետ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» (CSDP) շրջանակներում:

«Վրաստանին տրամադրվող օգնությունը նպատակաուղղված է երկրի պաշտպանության ուժերի ամրապնդմանը, այդ թվում՝ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչությանը ցուցաբերվելիք օգնության բարելավմանը։ Այս կարևոր որոշումը հաստատում է, որ Վրաստան-Եվրամիություն համագործակցությունը շարունակվում է»,- ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր