ԵՊՀ-ի թիմի հաղթանակը պատմական է. ավարտվել է ծրագրավորման մրցույթի կիսաեզրափակիչը

Աշխարհի հարյուրավոր համալսարանների թիմերից 15-ը, այդ թվում Երևանի պետական համալսարանի թիմը, հաղթահարել են Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթի (ICPC) կիսաեզրափակիչը՝ անցնելով եզրափակիչ փուլ. սա կարելի է համարել դարի հաղթանակ: Այս մասին «Ալիք մեդիային» հաղորդում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը:

Հիշեցնենք՝ ICPC-ի «Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային մրցույթներ 2019»-ը անց է կացվում նախկին ԽՍՀՄ-ի 4 քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Ալմաթիում և Բառնաուլում: Թբիլիսիում հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի թիմերն են մասնակցում:

Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի, ինֆորմատիկայի ինժեներական աստիճան ունեցող պրոֆեսոր, ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծում է հայաստանյան թիմի հաղթանակը՝ նշելով, որ եզրափակիչ անցած 15 թիմերի մեջ լինելը դա արդեն հաղթանակ է:

«Ես շատ ուրախ եմ հայկական թիմի համար: Իսկապես խելացի մասնակիցներ ունեն», — ասում է Զարքուան:

Զարքուայի հետ խոսեցինք Արցախի պետական համալսարանի թիմի հետ կապված միջադեպի մասին, ինչին ի պատասխան նա ասում է.

«Դա պարզապես տեխնիկական սխալմունք էր: Արցախի թիմը գրանցման հետ խնդիրներ ուներ: Ես ինքս եմ հրավիրել այդ թիմին և մի քանի անգամ զգուշացրել էի, բայց նախ մեկի անունով էր գրանցված, հետո մեկ այլ մարդու և մինչև վերջին պահը նրանք չկարողացան շտկել այդ սխալը»:

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը պնդում է, որ Զարքուայի վրա ճնշումներ են եղել և վերջին պահին նա դեմ է եղել Արցախի թիմի մասնակցությանը: Թեև Զարքուան ասում է, որ պատճառը միայն տեխնիկական սխալն էր, ինքը շատ լավ է վերաբերվում Հայաստանի և Արցախի թիմերին:

Հավելենք՝ Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) Արցախի պետական համալսարանի մասնակցությանը դեմ էին Վրաստանի ներկայացուցիչները: Արցախի պետական համալսարանը պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում մրցույթին:

Վահրամ Դումանյանը ասում է, որ կապ է հաստատել հիմնական ղեկավարության հետ, ինչին ի պատասխան ղեկավարությունից իրեն ասել են, որ վրացական թիմի ղեկավարը նման իրավասություն չուներ և դա անօրինական է, սակայն դրանից հետո էլ, միևնույնն է, Զարքուան չի փոխել իր որոշումը: Պետերբուրգից նաև չեն թույլատրել հանել Արցախի համալսարանի անունը ցուցակից, ինչը պահանջում էր վրացական թիմի ներկայացուցիչը: