Երեկվա օրը համառոտ. մարտի 24

Մարտի 24-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 644 711-ի: Մեկ օրում արձանագրվել է 599 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է  2,66%։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ կորոնավիրուսը բուժող «Պաքսլովիդ» դեղամիջոցից հիվանդները կoգտվեն անվճար։ Գաբունիան միևնույն ժամանակ նշել է, որ այս դեղամիջոցը չի վաճառվի դեղատներում։ Ըստ Գաբունիայի՝ վերջին օրերին հանրապետությունում համաճարակաբանական պատկերը բարելավվում է, սակայն դա չի նշանակում, որ ռիսկերն ամբողջությամբ վերացված են։ 

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն էլ հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացության մակարդակի նվազումը՝ հիվանդության պատշաճ բուժման արդյունք է։ 

Ըստ Հայաստանում Վրաստանի դեսպանության տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 

Մարտի 24-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Երեկ լրացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ 2022 թվական»-ի պատվավոր հյուրերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ շնորհավորել է բոլորին ՆԱՏՕ-Վրաստան հրամանատարաշտաբային զորավարժությունների կապակցությամբ։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով էլ՝ Եվրոպայի, աշխարհի և Վրաստանի համար բարդ ժամանակաշրջանում կարևոր է շարունակաբար զարգացնել երկրի պաշտպանունակությունը, ուժեղացնել նրա ճկունությունը և ավելացնել համատեղելիությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի զինված ուժերը, դաշնակից և գործընկեր երկրների զինված ուժերը կողք կողքի վարժանքներ են անցկացնում՝ ամրապնդելու օպերատիվ համատեղելիությունն ու վստահությունը»։ 

Երեկ՝ մարտի 24-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ Ստրասբուրգի դատարանն անընդունելի է ճանաչել Ցխինվալիի շրջանում բնակվողների կողմից 2008 թվականի պատերազմի հետ կապված Վրաստանի դեմ ներկայացված 370 անհատական ​​բողոքները։ 

Բրեգաձեն հայտնել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։ Ըստ նախարարի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելն իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի, ավելին՝ այստեղ։

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի հետ վեճը։ Finantial Times-ը գրել է, որ Բերմուդյան կղզիների դատարանի որոշման հրապարակումից հետո Credit Suisse-ը պետք է 500 մլն․ դոլար վճարի Իվանիշվիլիին։ 

Վրաստանի խորհրդարանի դիմաց «կանաչների» շարժումը կազմակերպել էր համերաշխության ցույց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Նրանք ծածանել են Ուկրաինայի դրոշը՝ զարդարված դեղին ծաղիկներով, ծաղկեպսակներ դրել ապրիլի 9-ի հուշարձանին՝ ի հիշատակ Ուկրաինայում զոհված վրացի զինվորներին։

IPM հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, եթե Ուկրաինայի պես՝ ռուսական զորքերը մտնեն Վրաստան, հարցված բնակչության 42,7 տոկոսը պատրաստ է մնալ երկրում և կռվել։ Հարցման տվյալները մանրամասն՝ այստեղ։

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը պատրաստ է ընդունել Իսրայելի քաղաքացիներին, ովքեր սովորում էին Ուկրաինայի համալսարաններում։

Վատ եղանակը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել Ախալքալաքի մունցիպալիտետին։ Քամին վնասել է Կոչիո գյուղի հանրակրթական դպրոցի տանիքը, Ագանա գյուղի գյուղատնտեսական շենքը, Ալաթումանում, Կոչիոյում, Կոթելիայում, Արագվայում և Օրջայում գյուղերի տները։

Վրաստանում ալյուրը թանկացել է, սակայն փորձագետները հացի թանկացում դեռևս չեն կանխատեսում։ Այս մասին խոսել է Վրաստանի «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն, ընգծելով, որ երկիրն ունի ալյուրի պաշարներ։ Դոլիձեն նշել է, որ Ադրբեջանից Վրաստան ալյուր է ներկրվելու։

Եվ վերջում՝ մարտի 24-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,13 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2372 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,69 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5561 լարի։