«Եվրոպական Վրաստանն» ու «Ազատ դեմոկրատները» միասնական թեկնածու են առաջադրում

«Եվրոպական Վրաստանն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինք են ձևավորել՝ Մթածմինդայի մեծամասնական ընտրություններին ներկայացնելով միասնական թեկնածու։

Երկու կուսակցությունների միասնական թեկնածու Շալվա Շավգուլիձեն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ վերոնշյալ ուժերը նախընտրական կարևոր այս փուլում մի կողմ են դրել տարաձայնությունները։

«Մենք հրաժարվել ենք քաղաքական վրեժխնդրությունից և առաջ ենք շարժվում: Երկրի զարգացման նույն տեսլականն ունենք, խաղաղ, անվտանգ, ժողովրդավար երկիր պիտի կառուցենք: Հենց դրանով է պայմանավորված մեր համագործակցությունը»,- հայտարարել է Շավգուլիձեն:

Նկատենք՝ Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց Վրաստանի նախագահի պաշտոնը։ Մթածմինդայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին։

Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստանը» ձևավորվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած մի շարք անկյունաքարային գործիչների կողմից, իսկ «Ազատ դեմոկրատները» հիմնել է նախկին և ներկա գործող իշխանությունների ժամանակ կարևոր պաշտոններ զբաղեցրած Իրակլի Ալասանիան, որը նախորդ ընտրություններից հետո, սակայն, լքել է կուսակցությունը։