Զուրաբիշվիլին՝ Վրաստանի հայերի մասին

Ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներն իրենց մշակույթն ու լեզուն պահպանելու համար բոլոր պայմաններն ունեն: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի հայերը կարող են ակտիվ մասնակցել երկրի ներքին կյանքին:

Մամուլի ասուլիսի ժամանակ Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի և Հայաստանի միջև 30-ամյա դիվանագիտական ​​հարաբերությունների մասին, նաև ընդգծել, որ վրաց-հայկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։

«Վրաստանում առկա են բոլոր պայմանները ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների համար, որպեսզի պահպանեն իրենց մշակույթն ու լեզուն, և, միևնույն ժամանակ, կարողանան ակտիվորեն մասնակցել երկրի կյանքին։ Այս ուղղությամբ ջանքերը չեն դանդաղի։ 

Այս երկրում հայկական և ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիների խաղաղ գոյակցությունն արտացոլում է երկրում ստեղծված հանդուրժող միջավայրը և դրական օրինակ է կովկասյան տարածաշրջանի համար», — ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կշարունակվի բանակցային գործընթացը, ինչ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հիմքն է․

«Մեր տարածաշրջանի ապագան, միևնույն ժամանակ, սերտորեն կախված է խաղաղ միջավայրից, և մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջողությամբ։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ներգրավվածությունն այս հարցում: Մենք գիտենք, որ այս բանակցությունների արդյունքներից է կախված տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը, և այդ խաղաղության հաստատումից են կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են այս տարածաշրջանին և ապագայում մեծ հեռանկար են տալիս նրան»։

Կարդացեք նաև՝ 

Հայաստանի և Վրաստանի նախագահների հայտարարությունները