Զվիադ Կուպրավան դատապարտվել է 2,6 տարի ազատազրկման

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ և Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) պատգամավոր Զվիադ Կուպրավային դատարանը դատապարտել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Թամար Մճեդլիշվիլին։

Զվիադ Կուպրավան ձերբակալվել էր 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Պետական անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ գործը վերաբերում է սեպտեմբերի 30-ի տեսաուղերձին, որտեղ նա նշել էր. «Մեր մարտավարական խնդիրն է հոկտեմբերի 4-ին տապալել ռուսական հատուկ օպերացիան»։

Կուպրավային մեղադրում են իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի և ձերբակալության ընթացքում ՊԱԾ աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար։ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածը (Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչ) նախատեսում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 353-րդ հոդվածը (դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պահապանի կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ)՝ տուգանք, տնային կալանք կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում։